Ազարը վերջ է դնում «Չելսիի» ճգնաժամին. վստահ հաղթանակ (տեսանյութ)

Ազարը վերջ է դնում «Չելսիի» ճգնաժամին. վստահ հաղթանակ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է հետնապահ «Վեսթ Բրոմվիչին» ու վստահ հաղթանակ տոնել:

Հաշիվը 25-րդ րոպեին բացել է Էդեն Ազարը, ով Օլիվյե Ժիրուի հետ պատ խաղարկելուց հետո անկասելի հարվածով գրավել է հեռավոր անկյունը: Երկրորդ կեսում (63) «կապույտներն» ամրապնդել են իրենց առավելությունը․ գրոհին միացած Վիկտոր Մոյզեսն անդրադարձից հետո հայտնվել է նպաստավոր դիրքում և չի վրիպել:

Քիչ անց (71) լոնդոնցիների բազմաքայլ կոմբինացիայի ժամանակ Ազարը միջին տարածությունից կատարած հիասքանչ հարվածով ձեռնունայն է թողել դարպասապահ Բեն Ֆոսթերին:

Այդ հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի թիմը վաստակել է 53 միավոր, շրջանցել «Տոտենհեմին» ու բարձրացել չորրորդ հորիզոնական: Նախորդ երկու խաղերում «Չելսին» խոշոր հաշվով պարտություններ էր կրել «Բորնմութից» (0:3) ու «Ուոթֆորդից» (1:4):

«Ալբիոնը» 20 միավորով շարունակում է մնալ վերջին տեղում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում