Գուտի․ Լավագույն ֆուտբոլիստները պետք է խաղան «Ռեալում», իսկ Նեյմարը նրանցից մեկն է

Գուտի․ Լավագույն ֆուտբոլիստները պետք է խաղան «Ռեալում», իսկ Նեյմարը նրանցից մեկն է

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս մադրիդյան ակումբի պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Գուտին, խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ դիմակայության մասին, հույս է հայտնել, որ առաջիկա խաղերի արդյունքները չեն ազդի Զինեդին Զիդանի հետագա աշխատանքի վրա։

-ՊՍԺ-ի հետ դիմակայությունը «Ռեալի» համար մրցաշրջանը փրկելու վերջին հնարավորությունն է, բայց հույս ունեմ այդ խաղերը Զիդանի վերջին հնարավորությունը չեն։ Պետք չէ մոռանալ այն ամենը, ինչ նա արել է ակումբի համար։ Կգլխավորե՞մ «Ռեալը»․․․ Զիդանը պետք է մնա, բայց եթե Ֆլորենտինո Պերեսից զանգ ստանամ չեմ կարողանա մերժել։

ՊՍԺ-ի համար ևս սա վերջին հնարավորություն է, քանի որ նրանց համար այլևս բավարար չեն Ֆրանսիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում տոնած հաղթանակները, – Գուտիի խոսքը մեջբերել է «Marca»-ն։

Գուտին նաև խոսել է փարիզյան թիմի հարձակվող Նեյմարի՝ մադրիդյան ակումբ հավանական տեղափոխության մասին։

-Լավագույն ֆուտբոլիստները պետք է խաղան «Ռեալում», իսկ Նեյմարը նրանցից մեկն է։ Ինձ շատ է դուր գալիս Նեյմարի խաղը, բայց եթե նրա տրանսֆերը պետք է ձեռք բերեն Ռոնալդուին փոխարինելու համար, ես կնախընտրեի Կրիշտիանուին,- ասել է Գուտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում