Ֆեդերերը դառնալու է աշխարհի առաջին թենիսիստ

Ֆեդերերը դառնալու է աշխարհի առաջին թենիսիստ

Ռոջեր Ֆեդերերը փետրվարի 19-ին շրջանցելու է Ռաֆայել Նադալին և  դառնալու է աշխարհի առաջին թենիսիստը:

Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ շվեյցարացին Ռոտերդամի մրցաշարի քառորդ եզրափակչում կամային հաղթանակ է տարել Ռոբին Հասեի նկատմամբ (4:6, 6:1, 6:1) և մտել կիսաեզրափակիչ:

Աշխարհի առաջին ռակետը դառնալու շնորհիվ 36-ամյա մարզիկը 3 ռեկորդ է սահմանելու: Նա դառնալու է պատմության ամենատարեց առաջին ռակետը: Նախկին ռեկորդը գրանցել էր Անդրե Աղասին, երբ եղել է 33 տարեկան:

Ֆեդերերն առաջին հորիզոնական է վերադառնալու 5 տարի և 106 օր անց: Նախկինում ոչ մի թենիսիստ այդքան երկար ժամանակ անց առաջին տեղ չէր բարձրացել:

Ռեկորդային է նաև Ֆեդերերի` ATP-ի վարկանիշային աղյուսակն առաջին ու վերջին անգամ գլխավորելու ժամանակահատվածը: Այդ ընթացքում անցել է 14 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում