Էվրեբյո․ Ամենևին հպարտ չեմ «Չելսի» – «Բարսելոնա» խաղում կատարածս աշխատանքով

Էվրեբյո․ Ամենևին հպարտ չեմ «Չելսի» – «Բարսելոնա» խաղում կատարածս աշխատանքով

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Չելսի» – «Բարսելոնա» խաղին ընդառաջ իսպանական «Marca» պարբերականը զրուցել է նախկին մրցավար Թոմ-Հեննինգ Էվրեբյոյի հետ։ Վերջինս 2009 թվականի մայիսի 6-ին սպասարկել է «Չելսի» – «Բարսելոնա» (1:1) սկանդալային հանդիպումը։

-Դուք հպա՞րտ եք, որ դատել եք «Չելսիի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը։

-Ամենևին ոչ։ Դա ինձ համար լավագույն օրը չէր, բայց մրցավարները կարող են սխալվել․․․ Երբեմն էլ սխալվում են ֆուտբոլիստները կամ մարզիչները․․․ Ինչ-որ օր, հնարավոր է, ձեզ չհաջողվի ցույց տալ այն մակարդակը, որն անհրաժեշտ է։ Ամեն դեպքում, ես չեմ կարող հպարտանալ այդ խաղում իմ կատարած աշխատանքով։

-«Չելսիի» ներկայացուցիչները հայտարարում էին, որ 4 ակնհայտ դրվագներում Դուք կարող էիք 11-մետրանոց նշանակել։ Ըստ Ձեզ, որո՞նք էին այդ խաղի ամենալուրջ սխալները։

-Մի քանի սխալ եղավ։ Յուրաքանչյուրն այդ դրվագների վերաբերյալ իր կարծիքը կարող է ունենալ, բայց ես կրկնում եմ՝ սխալվում են նաև ֆուտբոլիստները և մարզիչները, ու ոչինչ տեղի չի ունենում։ Ես հպարտ եմ, որ ունեցել եմ երկարատև կարիերա և եվրոպական մրցավարական էլիտայի մի մասն եմ եղել։ Նվազագույնը եղել եմ Նորվեգիայի լավագույն մրցավարներից մեկը։ Այդ իսկ պատճառով պետք չէ իմ կարիերան հիշել միայն այդ խաղով՝ չնայած որոշ մարդիկ, ինչպես դուք, հենց այդպես էլ անում եք։

Հիշեցնենք, որ այդ խաղի արդյունքը «Բարսելոնային» թույլ տվեց դուրս գալ եզրափակիչ և չեմպիոն դառնալ։

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում