«Ռեալը» գերլարված խաղում հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

«Ռեալը» գերլարված խաղում հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հաղթանակ տոնեց «Բետիսի» նկատմամբ․ «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3:5 հաշվով։

Մադրիդցիներն ակտիվ սկսեցին հանդիպումն և առաջ անցան 11-րդ րոպեին․ Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո դաշտի տերերի դարպասապահ Անտոնիո Ադանը գնդակը հետ մղեց Մարկո Ասենսիոյի ուղղությամբ, ով էլ գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Բաց թողած գոլից հետո խաղային առավելությունն անցավ դաշտի տերերի կողմը։ 33-րդ րոպեին Այսա Մանդան հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Նաչոն։

Ընդմիջումից հետո Զինեդին Զիդանի սաներն ակտիվացան և 20 րոպեի ընթացքում 3 գոլ խփեցին։ 50-րդ րոպեին «սերուցքայինների» երկրորդ գոլը խփեց Սերխիո Ռամոսը։ 59-րդ րոպեին Դանիել Կարվախալի հիանալի անցումից և փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Ասենսիոն, իսկ 6 րոպե անց աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացու գոլից հետո խաղի տեմպը փոքր-ինչ հանգստացավ, իսկ խաղավարտին մոտ արձանագրվեց ևս 2 գոլ։ Նախ 85-րդ րոպեին Սերխիո Լեոնը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ արդեն ավելացված ժամանակում վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման դուրս եկած Կարիմ Բենզեման։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 45 միավոր (23 խաղ) և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Բետիսը» մնաց 33 միավորով՝ 9-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բետիս» – «Ռեալ»` 3:5
Գոլերը՝ Մանդի 33՛, Նաչո 37՛, Լեոն 85՛ – Ասենսիո 11՛, 59՛, Ռամոս 50՛, Ռոնալդու 65՛, Բենզեմա 90+2՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում