Գատուզո. Իմ նպատակն է դառնալ «Միլանի» ֆուտբոլիստների սարսափը

Գատուզո. Իմ նպատակն է դառնալ «Միլանի» ֆուտբոլիստների սարսափը

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարծիք է հայտնել թիմի հաջող ելույթների մասին: «Ռոսոներին» 2018 թվականին դեռ չի պարտվել. վերջին 10 խաղում Գատուզոյի թիմը տոնել է 7 հաղթանակ և 3 խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով:

«Պետք է արժանին մատուցել տղաներին, որովհետև նրանց մեջ կրակ վառելու համար ընդամենը կայծ էր հարկավոր: Որպես մարզիչ բացարձակ բավականություն եմ ստանում, որ իմ խաղացողներն անում են այն, ինչ նրանցից պահանջում եմ: Նրանք են գլխավոր դերակատարները, իսկ ես միայն մտքեր եմ առաջարկում:

Ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները խաղից հետո մոտենան տրիբունաներին ու ողջունեն երկրպագուներին: Լավ է, որ նրանք դա առանց մարզչի էլ անում են: Հիմա թիմն այնքան լավ է խաղում, որ նրա մարզիչը լինելը շատ հեշտ է: Վաղը նոր օր է լինելու, և մենք զրոյից ենք սկսելու: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ մինչև մրցաշրջանի ավարտը լինեմ ֆուտբոլիստների սարսափը:

Երբ գլխավորեցի «Միլանը», սպասումներ չունեի: Հասկանում էի, որ ձեռքերումս այրվող խաղալիք է հայտնվել: Ինձ դուր է գալիս տառապել: Հեշտ խնդիրներ չեմ սիրում, այդ պատճառով ընտրեցի «Միլանը», որն իմ հարազատ տունն է դարձել: Այս թիմի մարզաշապիկը կրել եմ 14 տարի շարունակ: Ինձ համար սա հիանալի աշխատանք է»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Mediaset Premium»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում