Մադրիդի «Ռեալի» սանը կխաղա «Ալաշկերտում»

Մադրիդի «Ռեալի» սանը կխաղա «Ալաշկերտում»

«Ալաշկերտը» հերթական ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` ուժեղացնելով հարձակման գիծը: Երևանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմին է միացել սլովենական «Մարիբորի» 29-ամյա նիգերիացի հարձակվող Սանի Օմորեջին: Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ֆուտբոլային առաջին քայլերը Օմորեջին կատարել է Իսպանիայում: 2003-ին «Նումանսիայում» մեկ տարի անցկացնելուց հետո նիգերիացին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի ակադեմիայում անցկացրեց հաջորդ երկու տարիները: Այնուհետև Սանին մեկ տարի անցկացրեց «Էսպանյոլի» համակարգում:

Պրոֆեսիոնալ կարիերան ամրակազմ հարձակվողը սկսեց «Նումանսիայի» երկրորդ թիմում, այնուհետև հանդես եկավ իսպանական մի քանի ակումբներում: «Մերիդայի» կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփելուց հետո Օմորեջին տեղափոխվեց սլովենական «Ցելյե»:

«Ցելյեի» կազմում արագավազ նիգերիացին 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ 2 մրցաշրջաններում, ինչից հետո տեղափոխվեց Սլովենիայի առաջատար ակումբ` «Մարիբոր»: «Մարիբորի» կազմում անցկացրած 19 խաղերում Սանին դարձել է 5 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Իսրայելի «Հապոել» (Քֆար Սաբա) թիմում:

Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտին» Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում