«Աէրոֆլոտ Օփեն». Տիգրան Պետրոսյանը ընթանում է առաջատարների խմբում

«Աէրոֆլոտ Օփեն». Տիգրան Պետրոսյանը ընթանում է առաջատարների խմբում

Երեկ կայացած «Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ հաղթանակը տոնեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայ շախմատիստը սև խաղաքարերով առավելության հասավ Լեհաստանի առաջատար շախմատիստներից Պիորուն Կասպերի նկատմամբ,- գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Երկրորդ հաղթանակին մոտ էր նաև առաջին տուրի հերոս Մանուէլ Պետրոսյանը: Այս տուրում նրա մրցակիցն էր Ուկրաինայի հավաքականի անդամ և այդ երկրի ուժեղագույն գրոսմայստերներից Անտոն Կորոբովը: Պարտիայի ընթացքում Մանուէլը ուներ զգալի առավելություն, սակայն ճիշտ չկողմնորոշվեց դիրքի բարդություններում, թույլ տվեց սխալներ և արդյունքում պարտություն կրեց:

Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ Շանթ Սարգսյանը կրեց երկրորդ պարտությունը:

Երկրորդ տուրից հետո 6 շախմատիստ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Խալիֆմանը, Վլադիսլավ Արտեմևը, Անտոն Կորոբովը, Վիորել Բոլոգանը և Սետուրաման Սետուրամանը, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Արման Միքայելյանն իր ակտիվում ունի 1.5, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը՝ 1-ական միավոր: Պատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը դեռևս միավոր չի վաստակել:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցն է լինելու Հնդկաստանի ներկայացուցիչ Սետուրաման Սետուրամանը, Մանուէլ Պետրոսյանն ուժերը կչափի Հնդկաստանի 3-րդ շախմատիստ Վիդիթ Գուջրաթիի հետ, Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Սերգեյ Լոմասովը, Շանթ Սարգսյանը կմրցի Վիտալի Շինկևիչի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը կմրցեն միմյանց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում