«Ռեալը» հաղթեց «Խետաֆեին», Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Խետաֆեին», Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ․ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 3։1 հաշվով։

Առանց մեծ ջանքեր գործադրելու «սերուցքայիններն» առաջին կեսում 2 գոլ խփեցին․ նախ աչքի ընկավ Գարեթ Բեյլը, ապա հաշիվը կրկնապատկեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, «Խետաֆեն» մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Լոիկ Ռեմին։ 65-րդ րոպեին գլխավոր մրցավար Մարիո Մելերորը դաշտի տերերի դարպասին նշանակեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Ֆրանսիսկո Պորտիլյոն։ Նախքան եզրափակիչ սուլիչը «Ռեալին» հաջողվեց վերականգնել 2 գնդակի առավելությունը․ 78-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 54 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Խետաֆեն» մնաց 36 միավորով՝ 10-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Խետաֆե»՝ 3։1
Գոլերը՝ Բեյլ 24՛, Ռոնալդու 45+1՛, 78՛ – Պորտիլյո 65՛ / 11-մետրանոց
Հեռացում՝ Ռեմի 47՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում