Հավակնորդների մրցաշար․ Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Հավակնորդների մրցաշար․ Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Բեռլինում մեկնարկած հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Դին Լիրենի հետ: Սպիտակներով խաղացող Արոնյանը ուներ որոշակի առավելություն, սակայն հաղթանակի հասնելու համար մեր շախմատիստը պետք է դիմեր չափազանց մեծ ռիսկի, այդ իսկ պատճառով Արոնյանը որոշեց կրկնել քայլերը, և 22-րդ քայլում կնքվեց հաշտություն:

Առաջին տուրում հաղթանակներ տոնեցին Վլադիմիր Կրամնիկը, Շահրիյար Մամեդյարովը և Ֆաբիանո Կարուանան: Ռուսական դերբիում Վլադիմիր Կրամնիկը սպիտակ խաղաքարերով ուժեղ գտնվեց Ալեքսանդր Գրիշչուկից, ամերիկյան դերբիում Ֆաբիանո Կարուանան հաղթեց Ուեսլի Սոյին, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովը հաղթեց Սերգեյ Կարյակինին:

Երկրորդ տուրի զույգեր (տուրի սկիզբը Երևանի ժամանակով 18:00-ին)

  • Ալեքսանդր Գրիշչուկ – Ուեսլի Սո
  • Դին Լիրեն– Ֆաբիանո Կարուանա
  • Շահրիյար Մամեդյարով – Լևոն Արոնյան
  • Վլադիմիր Կրամնիկ – Սերգեյ Կարյակին
Հետևեք մեզ նաև Telegram-ում