Թեժ ամառ. ՊՍԺ-ն խոշոր տրանսֆերներ է ծրագրել

Թեժ ամառ. ՊՍԺ-ն խոշոր տրանսֆերներ է ծրագրել

«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է ամռանը լրջորեն փոխել կազմը և թանկարժեք տրանսֆերներ կատարել: «Téléfoot»-ին հայտնի են դարձել փարիզցների տրանսֆերային գլխավոր նպատակները:

Ֆրանսիացիները փոփոխությունները սկսելու են մարզչի պաշտոնից: Ունաի Էմերին պաշտոնանկ է արվելու, իսկ նրան փոխարինելու համար դիտարկվում են երեք թեկնածուներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այդ ցանկում առաջին տեղում է Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), ում հաջորդում է Անտոնիո Կոնտեն («Չելսի»): Աղբյուրը հայտնում է, որ երրորդ թեկնածուն «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն է:

Միաժամանակ ՊՍԺ-ն որոշել է վաճառել Կևին Տրապին, նոր դարպասապահ գնել, ով մեկնարկային կազմի համար կպայքարի Ալֆոնս Արեոլայի հետ: Թեկնածուներն են Տիբո Կուրտուան («Չելսի»), Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ») և Ջանլուիջի Դոնարուման («Միլան»): Փարիզցիները մտադիր են այդ երեքից որևէ մեկի համար հսկայական գումար ծախսել, քանի որ դարպասապահի ներկայիս դիրքը շատ թույլ են համարում:

Լիգա 1-ի առաջատարը դժգոհ է նաև թիմի հիմնական ձախ պաշտպան Լևեն Կուրզավայի խաղից, ում փոխարեն մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ալեքս Սանդրոյին:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու է ՊՍԺ-ի հիմնական հենակետային կիսապաշտպան Տյագո Մոտտան, ուստի ակումբը վաղուց նրա համար փոխարինող է փնտրում: Ամռանը Մոտտային փոխարինելու համար խոշոր առաջարկներ են կատարվելու «Չելսիի» հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեի ու «Մոնակոն» ներկայացնող Ֆաբինյոյի համար: Վերջինս արդեն հայտարարել է, որ փոխելու է թիմը և ակնարկել է, որ պատրաստ է միանալ փարիզցիներին:

«Պարի Սեն Ժերմենի» ամենաստղային տրանսֆերը կարող է կատարվել կենտրոնական հարձակվողի դիրքում: Արդեն շշուկներ են պտտվում, որ Էդինսոն Կավանին դժգոհ է իր կարգավիճակից, իրեն գնահատված չի զգում և ցանկանում է հեռանալ թիմից: Այդ կապակցությամբ ֆրանսիացիները ծրագրել են ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկիին («Բավարիա») կամ Հարի Քեյնին («Տոտենհեմ»): Անգլիացու տրանսֆերը գնահատվում է 200-230 միլիոն եվրո:

Միաժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին ու մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն առաջիկայում մեկնելու են Բրազիլիա, որտեղ կհանդիպեն բուժման կուրս անցնող Նեյմարին: Նրանք հարձակվողին վստահեցնելու են, որ նոր թիմը կառուցելու են նրա շուրջ: Դա բրազիլացուն կհամոզի չմտածել ակումբը փոխելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում