Խառնաշփոթ Հայաստանի առաջնությունում. Տնային մարզադաշտի խնդիր

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում կրկին կատարվել են փոփոխություններ:
19-րդ տուրի «Գանձասար-Կապան» - «Բանանց» հանդիպումը կկայանա մարտի 18-ին, ժամը 14:00-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Կապանի մարզադաշտի հետ կապված խնդիրների պատճառով «արջերը» 2017 թվականին մրցակցիներին ընդունում էին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, սակայն ներկայումս Հայաստանի գլխավոր ստադիոնը նախապատրատում են հավաքականի առաջիկա խաղերին:
Այսպիսով, կապանցիները տնային խաղն անցկացնելու են 280 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում:
Տնային մարզադաշտի հետ կապված խնդիրներ ունի նաև «Արարատը»: Երևանցիների երկրորդ թիմին թույլատրել են տնային խաղերն անցկացնել ակումբի մարզաբազայում` Ձորաղբյուրում, սակայն գլխավոր թիմը ստիպված է անընդհատ նոր խաղադաշտ փնտրել: Նախորդ տուրում նրանք տնային հանդիպումն անցկացրեցին «Նաիրի» ստադիոնում, իսկ մարտի 18-ին «Շիրակին» ընդունելու են «Բանանց» մարզադաշտում:
«Փյունիկ» - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա մարտի 17-ին, ժամը 14:00-ին, «Փյունիկ» մարզադաշտում:
Առաջին խմբում էլ «Էրեբունին» այսուհետ բոլոր տնային խաղերն անցկացնելու է Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: