Պատերազմ «Միլանի» հետ. Ի՞նչ է ծրագրել Ռայոլան

Պատերազմ «Միլանի» հետ. Ի՞նչ է ծրագրել Ռայոլան

Մարտի 13-ին իտալական մամուլում աղմկալի լուր տարածվեց, ըստ որի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման որոշել է հեռանալ թիմից: «Corriere dello Sport»-ը վստահեցնում էր, որ այդ որոշման պատճառը «ռոսոներիի» և 19-ամյա ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ հարաբերությունների վատթարացումն է: Նշվում էր նաև, որ «Միլանը» պատրաստ է 60 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել իր հիմնական դարպասապահին, ում հետ բազմաթիվ սկանդալներից հետո նոր պայմանագիր է կնքել:

Այդ լուրը չհասցրեց ավելի մեծ արձագանք ստանալ, որովհետև ժամեր անց Դոնարուման հանդես եկավ հերքող հայտարարությամբ. «Ես հանգիստ եմ ու երջանիկ»:

Թվում էր, թե մամուլը չափազանցրել է առկա տեղեկությունները, սակայն երեկ իտալացու գործակալ Մինո Ռայոլան բացահայտ ակնարկել է, որ մտադիր է իր հաճախորդի համար նոր թիմ գտնել:

«Ո՞վ է հաջորդ մրցաշրջանում լինելու «Միլանի» դարպասապահը: Հուսով եմ` Պեպե Ռեյնան»,- ասել է գործակալը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իսպանացի դարպասապահն արդեն բուժզննում է անցել «ռոսոներիի» համար և ամռանը դառնալու է այդ ակումբի ֆուտբոլիստը:

Ռայոլան արդեն լուրջ քայլեր է կատարում Ջանլուիջիին «Պարի Սեն Ժերմեն» ուղարկելու համար: Վերջինս նոր դարպասապահ է փնտրում և հետաքրքրված է այդ տարբերակով: «Premium Sport»-ը գրում է, որ «Միլանը» դիտարկում է դարպասապահին Էդինսոն Կավանիի հետ փոխանակելու տարբերակը: Հնարավոր է, որ Մինոն այդ գործարքում միջնորդ լինի, որ այն հաջող ավարտ ունենա:

Հիշեցնենք, որ Ռայոլայի ու «Միլանի» միջև լարվածությունը թշնամանքի վերածվեց 2017 թվականի դեկտեմբերին: «Corriere dello Sport»-ը հրապարակել էր գործակալի տարօրինակ խնդրանքի մանրամասները, ըստ որի վերջինս ցանկանում էր Դոնարումայի պայմանագիրը չեղարկել: Ռայոլան վստահեցնում էր, որ պայմանագրում հրաժարագնի մասին կետն առանց իր հետ համաձայնեցման է ավելացվել: Նա նաև հայտարարել է, որ «Միլանը» նրանից վրեժ է լուծում և խոստացել էր անհրաժեշտ պահին այդ ակումբին համարժեք պատասխան տալ:

Կարծես թե` նրա համար այդ ժամանակը եկել է…

Հետևեք մեզ նաև Telegram-ում