Ակտիվացում Գրիզմանի տրանսֆերի շուրջ. «Բարսելոնայի»՝ 3 կետից բաղկացած ծրագիրը

Ակտիվացում Գրիզմանի տրանսֆերի շուրջ. «Բարսելոնայի»՝ 3 կետից բաղկացած ծրագիրը

Առաջիկա շաբաթների ընթացքում «Բարսելոնան» սկսելու է լուրջ քայլեր ձեռնարկել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի շուրջ: Sports.es-ից տեղեկանում ենք, որ կատալոնական ակումբը ֆրանսիացու տեղափոխությունն իրականացնելու համար 3 կետից բաղկացած ծրագիր է մշակել:

1. 26-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագիրը համաձայնեցնել համեմատաբար ցածր աշխատավարձով: Այդ հարցը հեշտ լուծելի է համարվում, քանի որ Գրիզմանն արդեն պատրաստակամություն է հայտնել «բլաուգրանայի» մյուս աստղերի համեմատ ցածր աշխատավարձ ստանալ: Պայմանագրում հատուկ կետ կլինի, ըստ որի Անտուանը կկարողանա մեծ պարգևավճարներ ստանալ անհատական բարձր արդյունավետության ու թիմի հետ լուրջ տիտղոսներ նվաճելու դեպքում: «Բարսելոնան» նման քայլի է դիմում, որովհետև թիմում աշխատավարձերի տոկոսը ընդհանուր բյուջեի մեծ մասն է կազմում։

2. «Բարսելոնան» մտադիր է տրանսֆերը ձևակերպել «Ատլետիկոյի» հետ համաձայնության հասնելով, այլ ոչ թե հրաժարագինը վճարելով: Հունիսի 30-ից Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոնից նվազելու է մինչև 100 միլիոն: «Կապտանռնագույնները» ցանկանում են 100 միլիոնից մի փոքր շատ վճարել, որպեսզի «Ատլետիկոն» համաձայնի ընդհանուր գումարը բանկային երկու փոխանցումներով ստանալ: Ավելի շատ վճարված գումարը թույլ կտա երկու ակումբների միջև բացառել ապագա տարաձայնությունները: Առաջիկա ժամանակահատվածում «բլաուգրանան» ու «հնդկիները» կսկսեն պաշտոնապես բանակցել:

3. Երրորդ կետը ժամկետների հետ է կապված: Գրիզմանը հայտարարել է, որ իր ապագան որոշվելու է մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը (հունիսի 14): Կատալոնացիների համար շատ կարևոր է, որ գործարքն ուժի մեջ մտնի ոչ թե հունիսին, այլ հուլիսին: Եվրոպական ֆուտբոլում հենց հուլիսի 1-ից է սկսվում ֆինանսական նոր տարին, ուստի ցանկալի է այդ գործարքը գրանցել 2018-19թթ. մրցաշրջանի վրա: Դա թույլ կտա «Բարսելոնային» խուսափել ֆինսնական «Արդար խաղի» կաննոների խախտումից:

Այսպիսով, «Բարսելոնան» ցանկանում է՝ Գրիզմանի տրանսֆերը կազմի 100-110 միլիոն եվրո, պաշտոնապես ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից, իսկ հարձակվողը համեմատաբար ցածր աշխատավարձ ստանա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում