«Երջանիկ եմ Եվրոպա վերադառնալու համար». Յուրա Մովսիսյանը նոր թիմ ունի (լուսանկար)

«Երջանիկ եմ Եվրոպա վերադառնալու համար». Յուրա Մովսիսյանը նոր թիմ ունի (լուսանկար)

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարիերան շարունակելու է Եվրոպայում: 30-ամյա ֆուտբոլիստը կես տարվա վարձակալությամբ տեղափոխվել է «Յուրգորդեն»,- հայտնում է շվեդական ակումբի պաշտոնական կայքը: Այդ թիմը Շվեդիայի նախորդ առաջնությունում գրավել է 3-րդ տեղը:

Պայմանագրում առկա է կետ, ըստ որի սկանդինավցիները հնարավորություն կունենան համաձայնագիրը ևս կես տարով երկարաձգել:

«Շատ հաճելի է պայմանագիր կնքել «Յուրգորդենի» հետ և կրկին վերադառնալ Եվրոպա: Սա լավ թիմ է, որի հիանալի երկրպագուների մասին շատ եմ լսել: Նրանք տրիբունենարում հաճելի մթնոլորտ են ստեղծում և մրցակցին ճնշման ենթարկում: Հույս ունեմ` ամբողջ մրցաշրջանը կանցկացնեմ այստեղ, այլ ոչ թե միայն կես տարի»,- ասել է հայ հարձակվողը:

Ներկայումս «Յուրգորդենի» կազմում է հանդես գալիս Շվեդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կիմ Չելստրյոմը, ով նախկինում Յուրայի թիմակիցն է եղել.

«Չելստրյոմի հետ միասին խաղացել ենք «Սպարտակում»: Նա ինձ պատմել է ակումբի մասին: Շվեդական ֆուտբոլին ուշադիր եմ հետևել, երբ հանդես էի գալիս դանիական «Ռանդերսում»: Վերջին 5 տարիների ընթացքում այս լիգան բացարձակապես նոր մակարդակի է բարձրացել: Շվեդական թիմերը սկսել են տպավորիչ արդյունքների հասնել Եվրոպայում: «Յուրգորդենը» մասնակցելու է Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությանը, և ես հույս ունեմ, որ մենք նույնպես դրական արդյունքներ կգրանցենք»,- հայտարարել է հարձակվողը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում