Գվարդիոլա. Ասացի՝ Սանեի գոլը հարկավոր էր հաշվել, ինձ հեռացրեցին

Գվարդիոլա. Ասացի՝ Սանեի գոլը հարկավոր էր հաշվել, ինձ հեռացրեցին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղի (1:2) ժամանակ ինչու է հեռացվել տեխնիկական գոտուց:

Կատալոնացի մասնագետը բուռն դժգոհություն է հայտնել, երբ 1:0 հաշվի ժամանակ մրցավար Մատեո Լաոսը սխալմամբ չի հաշվել Լերոյ Սանեի խփած գոլը: Գնդակը գերմանացու մոտ է հայտնվել «կարմիրների» կիսապաշտպան Ջեյմս Միլներից, սակայն մրցավարները խաղից դուրս են արձանագրել:

«Ասացի, որ Սանեի գոլը հարկավոր էր հաշվել: Ինձ դրա համար հեռացրեցին: Այդ գոլից հետո հաշիվը կարող էր 2:0 դառնալ: Այդ մրցավարը սիրում է միշտ ուշադրության կենտրոնում հայտնվել:

Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: Առաջին մրցավեճում մրցավարները հաշվեցին խաղից դուրս վիճակից Սալահի խփած գոլը, սակայն չգրանցեց նմանատիպ իրավիճակում Ժեզուսի գնդակը: Չեմպիոնների լիգայում բոլոր թիմերը հավասարազոր են, այդ պատճառով մրցավարական վճիռները որոշիչ են դառնում:

Շնորհավորում եմ «Լիվերպուլին»: Հուսով եմ` նրանք կիսեզրափակչում արժանիորեն կներկայացնեն Անգլիան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում