«Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Գանձասար Կապանի» հետ, «Բանանցը» միացավ չեմպիոնական պայքարին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակում ավարտվել է երկու հանդիպում։
«Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Շիրակի» հետ։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում (54՛) կապանյան թիմի կազմում աչքի է ընկել Լուբամբո Մուսոնդան, իսկ հանդիպման վերջին րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Դմիտրի Յաշինը։
«Բանանցը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել գործող չեմպիոն «Ալաշկերտի» դարպասը։ Գոլերով աչքի են ընկել Լեսթեր Պելտիերը (13՛), Օգնեն Կրասիչը (51՛) և Կվասի Սիբոն (83՛)։
Այս հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը
- «Շիրակ» - 38 միավոր, 23 խաղ
- «Ալաշկերտ» - 37 միավոր, 23 խաղ
- «Բանանց» - 36 միավոր, 23 խաղ
- «Գանձասար Կապան» - 35 միավոր, 23 խաղ
- «Փյունիկ» - 27 միավոր, 22 խաղ
- «Արարատ» -13 միավոր, 22 խաղ
Լուսանկարը՝ «Բանանցի» մամուլի ծառայության