ԵԼ․ «Արսենալը» չկարողացավ հաղթել 10 հոգով խաղացող «Ատլետիկոյին» (տեսանյութ)

ԵԼ․ «Արսենալը» չկարողացավ հաղթել 10 հոգով խաղացող «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Կայացել են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի դիմակայությունների առաջին հանդիպումները․ «Արսենալը» և «Ատլետիկոն» հաղթողին չորոշեցին, իսկ «Մարսելն» առավելության հասավ «Զալցբուրգի» նկատմամբ։

«Արսենալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Ատլետիկոյին»՝ չնայած գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ թվային առավելություն։ Խաղն անհաջող սկսվեց մադրիդյան թիմի համար․ 10 րոպեի ընթացքում 2 դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Շիմե Վրսալկոն, ապա գլխավոր մրցավար Կլեման Տուրպենը մարզչական գոտուց հեռացրեց Դիեգո Սիմեոնեին։

Հաշիվը բացվեց 61-րդ րոպեին՝ աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը։ «Զինագործներին» չհաջողվեց զարգացնել հաջողությունը, իսկ հյուրերն օգտագործեցին իրենց պահը․ պատասխան գոլը 81-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով ընդգրկված չէր «Արսենալի» հայտացուցակում։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Մարսելը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Զալցբուրգի» դարպասը․ մեկական գոլով աչքի ընկան Ֆլորիան Տովենը և Կլինտոն Նջիեն։

Հավելենք, որ պատասխան խաղերը կայանալու են մեկ շաբաթ հետո։

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

«Արսենալ» – «Ատլետիկո»՝ 1։1
Գոլերը՝ Լակազետ 61՛ – Գրիզման 81՛
Հեռացում՝ Վրսալկո 10՛

«Մարսել» – «Ռեդ Բուլ Զալցբուրգ»՝ 2։0
Գոլերը՝ Տովեն 15՛, Նջիե 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում