Վիճահարույց որոշումներ, գոլառատ խաղ․ «Բարսելոնան» և «Ռեալը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Վիճահարույց որոշումներ, գոլառատ խաղ․ «Բարսելոնան» և «Ռեալը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում․ «Բարսելոնան» արդեն իսկ չեմպիոնի կարգավիճակով հյուրընկալեց սկզբունքային մրցակից Մադրիդի «Ռեալին»։

Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ Սերժի Ռոբերտոյի փոխանցումից հետո Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը գրավեց Լուիս Սուարեսը։ Ընդամենը 4 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպումն աստիճանաբար լարված ընթացք ստացավ և խաղակեսի վերջնամասում երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ աչքի ընկան կոպիտ պահվածքով։ «Սերուցքայինները» նախքան ընդմիջում ստացան թվային առավելություն՝ Մարսելոյի նկատմամբ խախտման համար գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը կարմիր քարտ ցույց տվեց Սերժի Ռոբերտոյին։

Չնայած հեռացմանը՝ կատալոնացիները բավականին ակտիվ սկսեցին երկրորդ կեսը և 52-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ։ Լուիս Սուարեսը Ռաֆայել Վարանի նկատմամբ կանոնները խախտելուց հետո արդյունավետ փոխանցում կատարեց Լիոնել Մեսսիին, ով էլ հաշիվը դարձրեց 2։1։

72-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո Գարեթ Բեյլը գեղեցիկ հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը։ Խաղի մնացած ժամանակահատվածում ևս գլխավոր մրցավարը մի շարք վիճահարույց որոշումներ կայացրեց, մասնավորապես 77-րդ րոպեին Ժորդի Ալբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Մարսելոյի նկատմամբ, սակայն հյուրերի օգտին 11-մետրանոց տուգանային չնշանակվեց։

Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից որևէ նշանակություն չունեցող այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ունի 87 միավոր, իսկ «Ռեալը» 72 միավորով երրորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»՝ 2։2
Գոլերը՝ Սուարես 10՛, Մեսսի 52՛ – Ռոնալդու 14՛, Բեյլ 72՛
Հեռացում՝ Ռոբերտո 45+՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում