«Բարսելոնան» անարգում է «Ատլետիկոյին»․ մադրիդյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ

«Բարսելոնան» անարգում է «Ատլետիկոյին»․ մադրիդյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ

«Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը «Բարսելոնայի»՝ մադրիդյան թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը ձեռք բերելու համար գործադրած ջանքների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։

«Մեզ արդեն հոգնեցնում է «Բարսելոնայի» վերաբերմունքը։ Այն, թե ինչպես են ակումբի նախագահը, ֆուտբոլիստները, ղեկավարության ներկայացուցիչները եվրագավաթային եզրափակչից մի քանի օր առաջ խոսում պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի մասին, լիակատար անարգանք է «Ատլետիկոյի» և ակումբի երկրպագուների նկատմամբ։

«Ատլետիկոյի» դիրքորոշումը հարցեր չի առաջացնում և միշտ եղել է հրապարակային։ Մենք մեկ անգամ չէ, որ բանակցություններ ենք վարել Գրիզմանի հետ, և մտադիր չենք դա կրկին անել։ Մի քանի ամիս առաջ ես «Բարսելոնայի» նախագահին ասել եմ, որ մեր ֆուտբոլիստն այժմ չի վաճառվում, և մենք նրան վաճառելու մտադրություն չունենք։ Միևնույն ժամանակ ես հասկացրել եմ, որ կատալոնական ակումբի նման պահվածքն ազդում է մրցակցության վրա, քանի որ մրցաշրջանի ընթացքում մեր թիմերը պայքարել են Իսպանիայի չեմպիոնի կոչման համար, իսկ «Բարսելոնան» պարբերաբար ճնշում է գործադրել մեր առաջատարի վրա։ Ես նաև տեղեկացրել եմ, որ եթե ֆուտբոլիստն օգտվի պայմանագիրը չեղարկելու իր իրավունքից, ապա «Ատլետիկոն» «Բարսելոնայից» կպահանջի փոխհատուցում։

Մեր համբերության սահմանը հատել է։ Հույս ունեմ՝ այս հայտարարությունը կտա իր արդյունքը, և «Ատլետիկոն» կկարողանա հանգիստ պայմաններում պատրաստվել Եվրոպա լիգայի եզրափակչին»,- Միգել Անխել Խիլ Մարինի խոսքը փոխանցում է «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ վերջին օրերին իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն «Ատլետիկոյի» ղեկավարությանը տեղեկացրել է՝ ամռանը կատալոնական ակումբը վճարելու է Գրիզմանի հրաժարագինը՝ 100 միլիոն եվրո։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում