Որոշ հայ ֆուտբոլիստներ ավելի լավ որակներ ունեն, քան նույնիսկ իսպանացիները. ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդես

Որոշ հայ ֆուտբոլիստներ ավելի լավ որակներ ունեն, քան նույնիսկ իսպանացիները. ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդես

Իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել մի շարք հետաքրքիր հարցերի.

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ: 18 տարի աշխատել եմ Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականների հետ ու եկա մի երկիր, որտեղ մեծ կիրք կա ֆուտբոլի հանդեպ:

Ցանկանում եմ իմ գիտելիքները փոխանցել Հայաստանին, սա շատ մեծ մարտահրավեր է ինձ համար: Ինչո՞ւ չօգնել մի երկրի, որտեղ այսքան սիրում են ֆուտբոլը: Ես ամեն ինչի հասել եմ ու ցանկանում եմ իմ փորձը փոխանցել Հայաստանին: Չեմ եկել այստեղ ժամանակ անցկացնելու: Ցանկանում եմ հիմք դնել մի ֆուտբոլի, որը կծառայի նաև ապագայում: Ցանկանում եմ, որ բոլոր տարիքային հավաքականները խաղան նույն մեթոդով ու դա տարիներ անց անդրադառնա նաև Ազգային հավաքականի վրա:

Այդ աշխատանքի իմաստն այն է, որ բոլոր հավաքականների մարզիչներն օգնեն իրար: Երբ ֆուտբոլիստը մի հավաքականից մյուսն անցնի, աստիճանաբար կկատարելագործվի: Սա մեր հաջողությունն էր Իսպանիայում: Բոլորն աշխատում էին նույն մեթոդով, և երբ փոքր տարիքից հասան ավելի մեծ տարիքի, շատ հաջողություններ ունեին: Արդեն 15 օր է՝ նույն աշխատանքը կատարում ենք Հայաստանում: Քայլ առ քայլ առաջ կշարժվենք ու կկառուցենք մի մեծ բուրգ մարզիչների կրթման հետ կապված:

Մեր աշխատանքը բաղկացած է մի քանի կետից. ստեղծել մարզիչների կրթման մոդել: Սկզբունքային է հենց մարզիչների կրթման հանգամանքը: Կսկսենք C կարգի արտոնագրից, մարտ-ապրիլին այդ դասընթացները կսկսվեն: Ցանկանում ենք նաև կապեր ստեղծել բոլոր ակումբների հետ ու նրանց փոխանցել մեր մոդելը: Դա այն մոդելն է, որն այստեղ կարող է աշխատել ու օգտակար լինել ֆուտբոլին:

Արդեն հանդիպել են ակումբների նախագահների ու մարզիչների հետ: Լավ ֆուտբոլիստների կարող ես կրթել՝ ունենալով լավ մարզիչներ: Նրանց դերը ֆուտբոլիստի աճի համար մեծ է:
Եվ երկրորդ կարևոր կետն այն է, որ կանցկացնենք մրցաշարեր ու մրցումներ մանկապատենական թիմերի համար: Ֆուտբոլիստն այն ժամանակ է կրթվում, երբ մասնակցում է իր տարիքին համապատասխան մրցաշարերի ու ունի համապատասխան մրցակիցներ: Եթե երեխան ունի արժանի մրցակից ու գերազանցում է նրան, կատարելագործվում է:

– Ի՞նչ ներուժ ունեն հայ ֆուտբոլիստներն ու Ձեր ծրագրերն իրագործելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ:

– Հայկական ֆուտբոլում կան շատ լավ խաղացողներ: Հնարավոր չէ խոսել ժամկետների մասին: Իսպանիային 44 տարի պետք եղավ, որ հաղթի ԵԱ-ում: Մենք դրանից առաջ 1964 թվականին էինք հաղթել, ունեինք հիանալի ֆուտբոլիստներ, ակումբային մակարդակում հասանք մեծ հաջողությունների, բայց հավաքականի մակարդակով ոչ: Համբերություն ու հանգստություն է պետք: Պետք է ֆուտբոլ խաղալ ու հանգստութուն պահպանել:

– Հայկական ֆուտբոլում լեգեոներների լիմիտի մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Դեռևս չեմ տիրապետում ամբողջական տեղեկությանը: Ծանոթանում եմ: Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տան ակումբներն ու ֆեդերացիան միասին: Կարծում եմ՝ լեգեոներները պետք է իրոք լավը լինեն, ու միայն լավերը պետք է գան այստեղ: Ցանկանում եմ, որ հայ ֆուտբոլիստները խաղային պրակտիկա ունենան, ու եթե հայը իր խաղամակարդակով համապատասխանի արտասահմանցիներին, կնախընտրեմ, որ հայերը խաղան:

– Հայաստանի հավաքականը երկար տարիներ է՝ չի կարողանում լուրջ հաջողությունների հասնել: Ըստ Ձեզ առաջնային լուծում պահանջող խնդիրները որո՞նք են:

– Ես այժմ տվյալներ եմ հավաքում ու իմ կարծիքը հիմա ֆորմալ կլինի: Ամեն օր մի նոր բան եմ հասկանում: Բայց գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստները պետք է հանդես գան լավագույն մարզիչների գլխավորությամբ: Պետք է մասնակցեն նաև իրենց տարիքին համապատասխան մրցաշարերի: Ամեն րոպեն, երբ երիտասարդները չեն խաղում, դա հետընթաց է: Լավ ֆուտբոլիստները, որոնք ունեն լավ խաղային որակներ, պետք է մեկ քայլ առաջ կատարեն: Այսինքն՝ կարևոր մրցաշարերում պետք է ներգրավել մի քանի տարիքով փոքր ֆուտբոլիստի, որպեսզի նրանք խաղան ավելի մեծ տարիքային խմբում:

– Հայ երկրպագուների երազանքն Ազգային հավաքականին Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում տեսնելն է: Ըստ Ձեզ դա հնարավո՞ր է: Ու երևում է՝ շատ ոգևորված եք, ի՞նչը կարող է ստիպել Ձեզ թողնել այս ամենն ու հեռանալ:

– Ինչո՞ւ կարող է Իսլանդիան մասնակցել ԵԱ-ին, իսկ Հայաստանը ոչ: Պարզապես աշխատել է պետք: Բոլորս միասնական պետք է աշխատենք ու կատարելագործվենք: Բայց պետք է ստեղծենք մեկ շատ ամուր թիմ, որը հետագայում հաջողությունների կհասնի:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչը կարող է ինձ ստիպել հեռանալ. առողջությունս: Եթե առողջությունս թույլ տա, երկար կմնան Հայաստանում: Խավիեր Մինյանոյին ես խորհուրդ տվեցի ՀՖՖ-ին: Նա «Ռեալի» կազմում 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, բայց ասել է, որ ոչ մի տեղ իրեն այնպես չեն վերաբերվել, ինչպես Հայաստանում: Հիացած է մարդկանցով, ջերմ վերաբերմունքով:

– Նշեցիք մարզիչներին կրթելու կարևորության մասին: Հայ մարզիչներն ըստ Ձեզ ի՞նչ ներուժ ունեն:

– Հայ մարզիչներից ճանաչում եմ միայն նրանց, որոնք աշխատում են ինձ հետ: Եվ նրանք 24 ժամ մտածում են աշխատանքի մասին: Մարզիչներն ինձ կանգնեցնում են միջանցքներում, դաշտերում, բոլորը ցանկանում են օգնել ինձ, իսկ ես՝ նրանց: Հանդիպում կկազմակերպենք Հայաստանի բոլոր մարզիչների հետ:

Ուսումնասիրել ենք նաև ֆուտբոլիստների սննդակարգը: Իսպանիայից հրավիրելու ենք բժիշկների խմբի, որոնք պատասխանատու կլինեն սննդակարգի համար: Մարտին նրանք կժամանեն Հայաստան, կան խնդիրներ, որոնք մանրուք են թվում, բայց կարևոր են:

– Իսպանական մոդելի կիրառումը Հայաստանում ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել:

– Լավ ճանաչում եմ հայ ժողովրդին: Ամենադժվարը փոքր տարիքի ֆուտբոլիստներին ճիշտ սովորեցնելն է: Եթե լավ կրթենք այն մարզիչներին, որոնք աշխատում են փոքր տարիքի ֆուտբոլիստների հետ, մի քանի տարի անց լավ արդյունքներ կունենանք:

Հայերն ունեն բնավորություն, մրցունակ են: Ամբողջ Հայաստանում փնտրելու ենք ու ստեղծենք տվյալների բազա, որպեսզի ոչ մի ֆուտբոլիստ դուրս չմնա ուշադրության կենտրոնից: Ծրագրավորողները ստեղծում են հայ ֆուտբոլիստների բազա: Այն ֆուտբոլիստը, որը խաղում է հավաքականում, պետք է մեկ առանձնահատկություն ունենա, ու դա հոգեբանության հետ է կապված: Պետք է շատ հավասարակշռված լինեն: Հայ ֆուտբոլիստներն ունեն շատ լավ որակներ, նույնիսկ ոմանք ավելի լավ որակներ ունեն, քան իսպանացիները: Մնացած որակները մենք պետք է կատարելագործենք:

– Կարելի՞ է ենթադրել, որ Մ17, Մ19, Մ21 տարեկանների հավաքականների մարզիչների առջև խնդիրներ չեն դրվելու առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում: Եթե այդպես է, ապա այդ մարզիչների աշխատանքն ի՞նչ չափորոշիչներով պետք է գնահատվի:

– Նման բան չեմ ասել: Ասել եմ, որ բերել ենք մի մոդել, որը հետագայում հաջողությունների կհանգեցնի: Ես միայն աշխատանք եմ պահանջում, ու դրա շնորհիվ կլինեն նաև հաջողություններ, որոնք ժամանակի ընթացքում կտեսնեք:

Բոլոր տարիքային հավաքականների, ադ թվում՝ կանանց հավաքականի մարզիչների հետ ակադեմիայում եռօրյա հավաքներ եմ անցկացնում: Մարտի վերջին այդ գործընթացը կավարտվի, ու կհասկանանք, թե ինչ խնդիրներ կարող ենք դնել կոնկրետ հավաքականների վրա:

-Հայկական ակումբների հետ համագործակցություն նախատեսո՞ւմ եք, ու մարզերում ֆուտբոլի զարգացման ի՞նչ ծրագրեր եք նախատեսում:

– Այո: Կանենք ամեն ինչ, որ նրանք նույնպես առաջընթաց ունենան: Ինչ վերաբերում է մարզերում ֆուտբոլի զարգացմանը, 5-8 տարեկան երեխաների համար մրցաշարեր ենք անցկացնելու նոր կառուցվող փոքր դաշտերում: Հանդիպում ենք մարզպետների հետ: Ապրիլին Վայոց Ձորի մարզում 10 դաշտերի բացում ենք նախատեսում: Սկիզբն է դժվար, բայց մեզ աջակցում են բոլորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում