Չեմ կարող երաշխավորել, որ հաջորդ հանդիպմանը Կեպան խաղադաշտ դուրս կգա. Մաուրիցիո Սարի

Չեմ կարող երաշխավորել, որ հաջորդ հանդիպմանը Կեպան խաղադաշտ դուրս կգա. Մաուրիցիո Սարի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում (2:0) դարպասապահ Կեպա Արիսաբալագային պահեստայինների նստարանին թողնելու որոշման մասին:

«Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել: Կեպան շատ լուրջ սխալ է թույլ տվել: Նա պատժվել է ակումբի կողմից և պետք է պատժվի թիմի առջև: Այսքանը:

Չեմ կարող երաշխավորել, որ հաջորդ հանդիպմանը Կեպան խաղադաշտ դուրս կգա, բայց որոշ ժամանակ անց դա հաստատ տեղի կունենա: Նա առաջվա պես մեր հիմնական դարպասապահն է:

Մենք չենք կարող անընդհատ պատժել նրան: Երիտասարդ տարիքում նման սխալներ լինում են: Կարևորն այն է, որ նա հասկանա սխալն ու առաջ գնա: Այս պահից թեման համարում եմ փակված»,- Սարիի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի լրացուցիչ ժամանակում Կեպան հրաժարվեց փոխարինել՝ չնայած Սարին ցանկանում էր խաղադաշտ դուրս բերել Վիլի Կաբալյերոյին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում