Մեծ Բրիտանիայի ամենահարուստ գործարարն ուզում է գնել «Չելսին»

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ գործարարն ուզում է գնել «Չելսին»

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am:  Ineos քիմիական ընկերության հիմնադիր Ջիմ Ռեթքլիֆը, որին Bloomberg-ն անվանում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ գործարար, չի հրաժարվում ռուսաստանից միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող «Չելսի» ֆուտբոլային ակումբը գնելու ծրագրերից։ Ռեթքլիֆն ուսումնասիրում է ձեռքբերման հնարավորությունը, սակայն համաձայն չէ գնի հետ՝ առնվազն 2,5 միլիարդ ֆունտ սթեռլինգ՝ 3,3 միլիարդ դոլար։

sportmail.ru-ի հաղորդմամբ, միլիարդատերը հետաքրքրվել է ակումբի գնմամբ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները 2018 թվականին հրաժարվել էին երկարացնել Աբրամովիչի ներդրումային վիզան։

2003 թվականին «Չելսին» գնելուց հետո Աբրամովիչը ժամանակի մեծ մասն անցկացնում էր Մեծ Բրիտանիայում, սակայն առանց վիզայի չի կարող այնտեղ աշխատել։ Bloomberg-ը սեպտեմբերին գրել էր, որ Ռեթքլիֆը պատրաստ է գնել «Չելսին» 2,68 միլիարդ դոլարով, սակայն այն ժամանակ Աբրամովիչը հրաժարվել էր վաճառել ակումբը 3,9 միլիարդ դոլարից ցածր գնով։

Ռեթքլիֆին է պատկանում շվեյցարական «Լոզան» ակումբը և բրիտանական հեծանվային Team Sky թիմը։ Նրա կարողությունը Bloomberg Billionaire Index -ի գնահատմամբ կազմում է 17,8 միլիարդ դոլար։ Աբրամովիչը 2003-ին գնել էր Չելսին, երբ ակումբը գտնվում էր սնանկացման շեմին։ Գործարքի արժեքը կազմել էր 140 միլիոն ֆունտ սթեռլինգ։

Աբրամովիչի օրոք «Չելսին» 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել Անգլիայի Սուպերգավաթը, իսկ 2012-ին հաղթել է Չեմպոնների Լիգայում։ Ակումբը նաև 5 անգամ դարձել է Անգլիայի, 3 անգամ անգլիական լիգայի գավաթակիր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում