Պարտվում ենք նաև տանը. Հայաստան-Ֆինլանդիա 0:2

Պարտվում ենք նաև տանը. Հայաստան-Ֆինլանդիա 0:2

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020 J խմբի երկրորդ խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ֆինլանդիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականը հանդիպման 13-րդ րոպեին լավ գրոհ կազմակերպեց, որը, սակայն չկարողացավ եզրափակել Բրիասկո-Բալեկյանը: Այստեղ գործեց ֆուտբոլի չգրված օրենք՝ գոլ չես խփում դու, խփում են քեզ: Առաջին իսկ արագ հակագրոհին Ֆինլանդիայի ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ֆրեդրիկ Յենսենը: Բաց թողած գնդակից հետո Հայաստանի ընտրանին ամեն դեպքում փորձում էր և ուներ մի քանի լուրջ հնարավորություն հավասարեցնելու հաշվի տարբերությունը, սակայն ապարդյուն: Նույնիսկ մի պահ ընթարում տեղի ունեցավ Հենրիխ Մխիթարյանի և ֆին ֆուտբոլիստի միջև: Ի վերջո թիմերը հանգստի գնացին ֆինների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսը Հայաստանի ընտրանին մեծ տեմպով սկսեց, բայց ֆիններն անթերի էին գործում: Ֆիննական ուժեղ պաշտպանությանը Հայաստանի ընտրանին չէր կարողանում ոչինչ հակադրել: Փոխարենը ֆինները հեշտությամբ գտան Հայաստանի հավաքականի խոցելի օղակը խաղի 77-րդ րոպեին և կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Գոլը խփեց Պիրի Սոիրին:

Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ խաղում ևս Արմեն Գյուլբուդաղյանցի սաները պարտվեցին. Հայաստան-Ֆինլանդիա՝ 0:2:

Հայաստանի հավաքականի Եվրո-2020-ի երրորդ խաղը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երևանում ընդունելով Լիխտենշտեյնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում