Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու. Արթուր Ոսկանյան

Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու. Արթուր Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը մեծ հույսեր է կապում Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության հետ, որը կանցկացվի Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ19 հավաքականը բովանդակ նախապատրաստություն է անցնում Եվրոպայի առաջնությունից առաջ: Հավաքները հաջորդում են իրար, վերլուծական աշխատանքը չի դադարում, թիմը նոր մոտեցումներ է յուրացնում և ընկերական խաղերի մասնակցում: Հավաքականի գործունեությունն ամփոփում է գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: «Խաղից խաղ թիմը զարգանում է: Տղաները հիմնականում ցածր լիգաներում են խաղում: Փորձի պակաս ունեն հիմնականում պաշտպանները, որոնք առավելապես ներկայացնում են Հայաստանի առաջին խմբի առաջնությունը. ցածր տեմպը և ոչ այնքան բարձր որակը իրենց ազդեցությունը թողնում են: Միջազգային խաղերում տեմպին և ռիթմին ընտելանալու խնդիրներ են առաջանում ու պաշտպանական սխալներ են լինում: Միջին գծի և հարձակման խմբի ֆուտբոլիստները խաղային որոշակի ժամանակ ստանում են բարձրագույն խմբում»,-ասել է Ոսկանյանը:

Մարզչի խոսքով՝ մինչև 19 տարեկանների առաջնությունը Հայաստանում անցկացնելը մեծ օգուտ կտա հայ ֆուտբոլիստներին: «Ֆուտբոլային բազմաթիվ սկաուտներ են ժամանելու Երևան: Լավ ֆուտբոլ խաղալու դեպքում մեր տղաները կարող են այդ սելեկցիայի մասը կազմել: Այսպիսի մրցակիցներ ունենալու բախտ ամեն թիմի չի վիճակվում: Տղաները պետք է օգտվեն այս հնարավորությունից: Արժեքավոր այս փորձը նրանց կարող է մղել երիտասարդական, ապա նաև՝ ազգային հավաքական: Նախապատրաստվելիս խաղացել ենք Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հասակակիցների հետ: Շուտով ավելի ինտենսիվ շրջափուլ է սպասվում արդեն պաշտոնական ձևաչափում: Այս ելույթները կարող են դառնալ մեծ թռիչքի սկիզբը: Նման խաղերում ավելի մեծ փորձ են յուրացնում, քան մեկ մրցաշրջանի՝ հայկական թիմերի ներքին դիմակայություններում»,– փաստել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում