Բասկետբոլի Հայաստանի գավաթակիրը «Ուրարտու»-ն է

Բասկետբոլի Հայաստանի գավաթակիրը «Ուրարտու»-ն է

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկության առաջին հաղթողը Երևանի «Ուրարտու»-ն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Երևանի «Ուրարտու»-ն և Ստեփանակերտի «Արցախ»-ը: Առաջին քառորդում, երբ թիմերը դեռ թարմ տեսք ունեին, հավասար պայքար էր ծավալվել, և կեսն ավարտվեց 22:19 հաշվով՝ հօգուտ «Ուրարտու»-ի: Երկրորդ քառորդում կողմերը գրեթե գտել էին մրցակցի խոցելի օղակները և հավասար միավորներով առաջ էին շարժվում: Ի վերջո, թիմերը մեծ ընդմիջման գնացին 43:44 հաշվով՝ հօգուտ «Արցախ»-ի:

Երրորդ քառորդում «Արցախ»-ը սկսեց զիջել դիրքերը, և «Ուրարտու»-ն առաջ անցավ հաշվի մեջ` մեծացնելով տարբերությունը` 79:61: Վճռորոշ` չորրորդ քառորդում Ստեփանակերտը ներկայացնող թիմը ամբողջովին տապալվեց, և «Ուրարտու»-ն ակնհայտ առավելություն ստացավ: «Ուրարտու»-ն Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկության հաղթող դարձավ` «Արցախ»-ին հաղթելով 99:87 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում