«Տոտենհեմ»-ը «փշրեց» «Այաքս»-ի երազանքը և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

«Տոտենհեմ»-ը «փշրեց» «Այաքս»-ի երազանքը և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Այաքս»-ը հյուրընկալեց «Տոտենհեմ»-ին և պարտվեց 2:3 հաշվով. Անգլիական թիմը դուրս եկավ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի հենց մեկնարկին «Այաքս»-ը տիրեց նախաձեռնությանը և 5-րդ րոպեին դե Լիխտը բացեց հանդիպման հաշիվը: Հոլանդական թիմը շարունակեց առավելությունն իր ձեռքում պահել և 30-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Զիեշը:

Երկրորդ կեսում «Տոտենհեմ»-ը նոր թարմությամբ մտավ խաղի մեջ և նախ 55-րդ, ապա 59-րդ րոպեին Լուկաս Մոուրան դուբլ ձևակերպելով՝ վերականգնեց հաշվի հավասարությունը: Խաղակեսի վերջնամասում գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ «չես խփում դու, գոլն են խփում քեզ»: «Այաքս»-ը չիրացրեց իր հնարավորությունը և իր առիթը բաց չթողեց «Տոտենհեմ»-ը: Ավելացված 90+6 րոպեին անգլիական ակումբի հաղթական գոլը խփեց նույն Մոուրան:

Երկու խաղերի ընդհանուր հաշվում գրանցվեց 3:3 և մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ եզրափակիչ դուրս եկավ «Տոտենհեմ»-ը, որտեղ կմրցի անգլիական «Լիվերպուլ»-ի հետ: Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում