Ֆուտբոլի Իռլանդիայի թիմի մարզիչը Հայաստանի ընտրանուն լուրջ հակառակորդ է համարում

Ֆուտբոլի Իռլանդիայի թիմի մարզիչը Հայաստանի ընտրանուն լուրջ հակառակորդ է համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իռլանդիայի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Թոմ Մոհանը Եվրո-2019-ի առաջնությունում Հայաստանի ընտրանուն լուրջ մրցակից է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Մ-19 Եվրո-2019-ի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների հետ հարցազրույցների շարքը: Իռլանդիայի Մ-19 հավաքականը մեկ շնչով անցկացրեց որակավորման փուլը՝ վստահորեն հաղթելով իր բոլոր մրցակիցներին. Էլիտ փուլի 3 խաղում իռլանդացիները 10 գոլ խփեցին։ Գլխավոր մարզիչ Թոմ Մոհանը Հայաստան թիմ առաջնորդելու փորձ ունի։

-Ինչպե՞ս կամփոփեք որակավորման նախնական և էլիտ փուլերը Իռլանդիայի հավաքականի համար։

-Մեր թիմը հաջողությամբ խաղաց որակավորման ողջ ընթացքում։ Ընտրական բարդ խմբում ընդգրկվեցինք, բայց կարողացանք հաղթել Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆարերյան կղզիների և Նիդերլանդների հավաքականներին։ Վիճակահանությանը լավագույնների հետ մասնակցելը մեծ խթան է մեր խաղացողների համար։ Բացի այդ, դժվար ուղևորություն ունեցանք դեպի Կրասնոդար, որտեղ ուժերը չափեցինք ոճով և համակարգերով իրարից տարբերվող 3 թիմի հետ (Ռումինիա, Ադրբեջան, Ռուսաստան)։ Այս անգամ էլ տղաները ցույց տվեցին, որ ունակ են հաղթահարելու այսպիսի բարդ արգելք և որակավորվել եզրափակիչ փուլի համար։ Ֆուտբոլիստների և անձնակազմի մարտական ոգին բարձր է։ Թիմի որակյալ ելույթով երկիրը հպարտ է։ Մարդկանց մեծ խմբի ջանքերի շնորհիվ այս ֆուտբոլիստները կրթվել են՝ անցնելով մասսայական ֆուտբոլից ազգային լիգայի և Միացյալ Թագավորության այլ ակումբներ։ Այս ֆուտբոլիստները վաղուց կառուցվածքային միևնույն համակարգի մասն են։ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու փորձ ունեն։

-Եզրափակիչ փուլի մասնակիցներից միայն երեքը՝ նույն թվում Իռլանդիան, Եվրոպայի չեմպիոնի կոչումը չի նվաճել։ Ի՞նչ եք սպասում այս անգամ։

-Պետք է համբերենք վիճակահանությանը, որ պարզենք մեր մրցակիցներին, հետո կենտրոնանանք ամեն հերթական խաղին։ Ամբողջ մրցաշրջանում պատրաստվել ենք խմբից դուրս գալու տեսլականով։ Անձնակազմիս հետ ծանր աշխատանք ենք կատարելու խաղացողներին տակտիկապես ու ֆիզիկապես նախապատրաստելու համար։ Նպատակն է բարձրակարգ մրցակիցների դեմ լավագույնս ներկայանալ. Թեժ է լինելու։ Մեր խաղացողները ֆանտաստիկ ունակություններ ու կայունություն դրսևորեցին եզրափակչի ճանապարհին։ Այս անգամ հնարավորություն ունեն ուժերը չափելու այս տարիքային խմբի եվրոպական էլիտայի հետ։ Կարևոր է վայելել այս առաջնությունը և անպայման իրացնել մեծ ֆուտբոլ փոխադրվելու հնարավորությունը, ինչպես ժամանակին արել են ազգային թիմի գործող ու նախկին ֆուտբոլիստները։

-Ըստ Ձեզ՝ ո՞ր թիմերն են հավակնում Եվրոպայի Մ-19 առաջնության չեմպիոնի կոչմանը։

-Վիճակահանությունից շատ բան է կախված, դժվար է կանխավ ինչ-որ բան ասել։ Բարձրակարգ հավաքականներից մասնակցում են Իսպանիան, Ֆրանսիան, նախորդ առաջնության եզրափակիչում իրար հանդիպած Պորտուգալիան և Իտալիան։ Գերմանիայի և Անգլիայի պես հավաքականները չորակավորվեցին, ինչը վկայում է Չեխիայի (խմբում շրջանցեց բոլորին, նույն թվում՝ Անգլիային) ու Նորվեգիայի (հաղթեց Գերմանիայի մասնակցությամբ խմբային մրցաշարում) որակակական բարձր հատկանիշների մասին։ Հայաստանի հավաքականն առավելություն կունենա որպես տանտեր, լավագույնս կնախապատրաստվի եղանակային շոգ պայմաններին։ Տարիքային այս առանձնահատուկ խմբում Հայաստանի հավաքականն ամեն բան կանի ամբողջովին կենտրոնացած ներկայանալու համար։

-Ի՞նչ գիտեք Հայաստնի մասին։

-Մարզում էի Իռլանդիայի Մ-17 հավաքականին, երբ 2013-ին Հայաստանում խաղացինք Ջիբրալթարի, Անգլիայի և տեղի հավաքականների հետ։ Անձնակազմիս մյուս անդամներն էլ լավ հիշողություններ ունեն Երևանից: Ծանոթ ենք Հայաստանի մշակույթին ու ժողովրդին, սա լրացուցիչ իմացություն է մեզ համար։ Ակնկալում ենք տեսնել Հայաստանի՝ բավական լավ պատրաստված հավաքականի, որը մեծ հպարտությամբ հյուրընկալելու է մյուս մասնակիցներին։ Անկասկած, դժվար մրցակից կդառնա ցանկացած թիմի համար։ Տեղյակ եմ, որ Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները ժամանակին որակավորվել են Մ-17 Էլիտ փուլի համար՝ ճանապարհին հաղթելով Իսլանդիային, ոչ-ոքի խաղալով Լեհաստանի հետ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում