Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը

Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը Sky Sports News-ի հետ հարցազրույցում ասել է, որ «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը կարող է անմիջապես իր հետ կապ հաստատել և ինքը կապահովի նրա անվտանգությունը Բաքվում՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի խաղի ժամանակ։

Նշվում է, որ «Արսենալը» կապի մեջ է եղել ՈւԵՖԱ-ի հետ, ով առաջարկել է աջակցություն՝ Հենրիխ Մխիթարյանի համար Ադրբեջան մուտք գործելու վիզա ստանալու հարցում։

Այժմ ակումբը մտածում է Մխիթարյանին մայիսի 29-ի խաղին ընդառաջ Բաքու տանելու մասին։
Ադրբեջանի դեսպան Թահիր Թագիզադեհը նշել է, որ ինքն ուրախ կլինի, եթե Մխիթարյանն իր հետ զրուցի։

Դեսպանը կարծում է, որ եթե քեզ վճարում են որպես ֆուտբոլիստ, այլ ոչ թե քաղաքական գործիչ, ապա մյուս խնդիրները պետք է մի կողմ թողնել։

Թագիզադեհը նաև հարցազրույցում բացատրում է Մխիթարյանի մուտքի խնդիրը, նշելով, որ նա «առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ», ինչն էլ հանգեցնում է սև ցուցակում հայտնվելուն։

«Իմ ուղերձը Մխիթարյանին կլինի հետևյալը․ դու ֆուտբոլիստ ես, ցանկանո՞ւմ ես խաղալ ֆուտբոլ։ Գնա Բաքու, քեզ անվտանգ կլինի այնտեղ, իսկ եթե ցանկանում ես այլ խնդիրներով խաղալ, ապա այդ արդեն ուրիշ պատմություն է։ Ինչը ես կարող եմ երաշխավորել այն է, որ Ադրբեջանի կառավարությունն ամեն ինչ կանի՝ ապահովելու յուրաքանչյուր խաղացողի ու երկրպագուի անվտանգությունը»,- ասել է դեսպանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում