«Փյունիկ»-ի սեփականատերը հանդես է եկել հայտարարությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.« Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռի» ֆուտբոլային ակումբին, և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք այդ ակումբի հասցեին: Մեր ամբողջ դժգոհությունը Վանաձորում կայացած աղմկահարույց խաղի կապակցությամբ վերաբերում է բացառապես մրցավարությանը և արտացոլված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ դուք չեք գտնի որևէ բացասական խոսք մեր մրցակցի հասցեին: «Լոռի»-ի խաղը այդ հանդիպման ընթացքում՝ արդար խաղի կանոնները հարգող, արժանի մրցակցի խաղ էր: Համարում եմ այս ժամանակավոր թյուրըմբռնումը սպառված և ակնկալում եմ մեր ակումբների միջև երկարատև և արդյունավետ համագործակցություն»:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 34 տուրի «Լոռի»-«Փյունիկ» խաղի ժամանակ մրցավարը մի քանի սխալ որոշումներ էր կայացրել: Վանաձորյան ակումբը նախօրեին հայտարարություն էր տարածել և հերքել լուրերն այն մասին, որ որևէ ֆինանսական հարցեր են եղել: