ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցան

ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Գործադիրի այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խնդրեց տարածք հատկացնել՝ մարզադաշտ կառուցելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա, որպեսզի երկրում տեղի ունենան միջազգային խաղեր, սակայն այն պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին:

Արթուր Վանեցյանն էլ նշեց, որ մարզադաշտ չունենալու պատճառով Հայաստանն այսօր խնդիր ունի. «ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, քանի որ այն չի համապատասխանում միջազգային պայմաններին: Այսօր մենք մարզադաշտ կառուցելու խնդիր ունենք»։

Ըստ նրա՝ ինքը նույնպես այն կարծիքին է, որ մարզադաշտը կանաչ գոտիների հաշվին չպետք է կառուցվի, սակայն ժամանակակից մարզադաշտերն ունենում են կանաչապատ գոտի. «Այսինքն՝ մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի։ Մարզադաշտը զբաղեցնելու է 5-6 հեկտար տարածք, իսկ այգին՝ 10-15 հեկտար։ Այն ժամանցի վայր պետք է լինի»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հրազդան» մարզադաշտին, Արթուր Վանեցյանն ասաց, որպեսզի այն դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում, բայց փաստ չէ՝ դրանից հետո մարզադաշտը ՈԻԵՖԱ-ն կընդունի, թե ոչ։

«Ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է, այսինքն՝ մի քանի կողմից մեքենաների ճանապարհների առկայություն, բացի այդ, պետք է 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի: Ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարեցնել այդ պայմաններին»,- նշեց նա։

Արթուր Վանեցյանն նաև ասաց՝ եթե ֆինանսական միջոցներ լինեն, ապա կվերանորոգեն «Հրազդան» մարզադաշտը ու կօգտագործեն տեղական խաղերի կազմակերպման համար։ Ըստ նրա՝ սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել է, բանակցությունները տարվում են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում