Բռնցքամարտիկ Գուրգեն Կակոյանը հաղթող է ճանաչվել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

Բռնցքամարտիկ Գուրգեն Կակոյանը հաղթող է ճանաչվել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը հաղթանակով է վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված բռնցքամարտի երիտասարդների միջազգային կարգի առաջնությունից, որին մասնակցել են հավաքական թիմեր Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել նաեւ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան գեղհովիտցի Գուրգեն Կակոյանը եւ Սեւան քաղաքից Վրեժ Նավասարդյանը: Գուրգեն Կակոյանը առաջին մենամարտն անցկացրեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Մեր բռնցքամարտիկը նաեւ Վրաստանը ներկայացնող երկու մարզիկի հաղթելով՝ գրավեց առաջին տեղը:

«Գեղարքունիքի մարզի պատիվը միջազգային ստուգատեսում բարձր է պահել նաեւ մեկ այլ մարզիկ՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը: Ռումինիայի Գալաց քաղաքում մայիսի 22-ից հունիսի 2-ը կայացավ ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի 2019 թվականի Եվրոպայի առաջնություն,որին Գեղարքունիքի մարզից մասնակցեց Մարտունու մարզադպրոցի սան գեղհովիտցի Նարեկ Զախարյանը: Մեր մարզիկը առաջին մենամարտում 1-ին ռաունդում հաղթեց Ալբանիայի ներկայացնող բռնցքամարտիկին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հաջորդ մենամարտում Նարեկն ընդամենը մեկ միավորի տարբերությամբ զիջեց Իռլանդիան ներկայացնող մարզիկին ու մրցաշարում գրավեց 5-րդ տեղը, որը ցածր արդյունք չենք համարում»,- նշեց Գեւորգ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում