Աբխազիայի հավաքականը բրոնզե մեդալ ներ նվաճեց ֆուտբոլի CONIFA-ի Եվրոպայի առաջնությունում

Աբխազիայի հավաքականը բրոնզե մեդալ ներ նվաճեց ֆուտբոլի CONIFA-ի Եվրոպայի առաջնությունում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 8-ին կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը:

Հհմնական խաղաժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, և նշանակվել է 11 մ-ոց հարվածաշար, որն ավարտվել է 4-5 հաշվով՝ հօգուտ Աբխազիայի:

Ֆուտբոլային մրցապայքարում Աբխազիան զբաղեցրել է 3-րդ տեղ` արժանանալով բրոնզե մեդալի, իսկ Չամերիան՝ 4-րդ:

Խաղի ավարտից հետո CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկոն և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը 3-րդ և 4-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են մեդալներով և գավաթներով:

Աբխազիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բեսլան Աջինժալն ասել է, որ իրենց հավաքականն այլ արդյունքներ էր սպասում, և ցավ հայտնել, որ իրենց չի հաջողվել հայտնվել եզրափակչում:

Ըստ մարզչի՝ Աբխազիայի հավաքականի մեծ մասն առաջին անգամ է մասնակցում նման մրցաշարի, և 3-րդ մրցանակային տեղ գրավելը թիմի համար լավ սկիզբ է:

«Բազմիցս եմ ասել, որ Արցախում շատ բարձր մակարդակով է կազմակերպվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ուղղակի ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և Արցախի հյուրընկալ ու բարի ժողովրդին»,- ընդգծել է Բեսլան Աջինժալը և հավելել, որ Արցախի հավաքականը լավ էր պատրաստված, և ապագայում թիմը կունենա մի շարք հաջողություններ:

Չամերիայի հավաքականի անդամ Կեվիս Գջեցին էլ ասել է, որ իրենք մինչև խաղի վերջին րոպեն պայքարել են, որ հայտնվեն լավագույն եռյակի մեջ, որը, չհաջողվեց 11 մ-ոցների դեպքում:

Կեվիս Գջեցիի խոսքով՝ իրենք Արցախից հեռանալու են վառ տպավորություններով և պատրաստ են Արցախում կրկին մասնակցելու ֆուտբոլային մրցաշարի:

Խոսելով Արցախի հավաքականի մասին՝ մարզիկն ասել է, որ կարծել են, թե իրենք հեշտությամբ են կարողանալու հաղթել Արցախի թիմին, սակայն խաղից հետո հասկացել են, որ սխալվել են:

Խաղին հետևում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, հյուրեր, ֆուտբոլասերներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում