ConiFA-ի առաջնության օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է միավորելու սերունդներին. Արցախի պետնախարար

ConiFA-ի առաջնության օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է միավորելու սերունդներին. Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը ConiFA-ի` ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված պետությունների առաջնության օրերին կառուցած կամուրջը համարում է հնարավորություն՝ սերունդներին միավորվելու վեհ գաղափարների շուրջ: «Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունն այլևս իրողություն է: Մարզական այս մեծ տոնը, համոզված եմ, երկար է մնալու մեր հիշողության մեջ: Վստահ եմ, որ այս օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է ընձեռելու սերունդներին միավորվելու վեհ գաղափարների շուրջ, բարի կամքով, իսկ ճանաչողության հարցում սահմանները միշտ բաց են լինելու»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ մարզիկներին ու մարզասերներին բուռն ու տպավորիչ օրերի համար: Փաստելով, որ հենց նրանց ակտիվությունն է հնարավորություն ընձեռում հետադարձ հայացք ձգել կազմակերպչական այն մեծ շղթային, որն իրականացվել է ամիսներ շարունակ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում