Մարզիկները պատրաստ են Եվրոպական երկրորդ խաղերին. ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նրանց

Մարզիկները պատրաստ են Եվրոպական երկրորդ խաղերին. ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նրանց

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցող հայկական պատվիրակությանը, թիմերին և մարզիկներին:

Օլիմպավանում կայացած հանդիպման ընթացքում Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը ներկայացրեց կատարված աշխատանքները: «Մարզիկներից 27-ն անցել են դոպինգ ստուգում և պատրաստ են: Մեր մարզիկներն այս խաղերին մասնակցում են միայն նվաճված ուղեգրերով` առանց սպիտակ քարտի»,-ասաց Գևորգյանը: Վերջինիս խոսքով` բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի ընտրանին կկրի հայկական արտադրության հագուստ: Հիմնական պատվիրակությունը Մինսկ կմեկնի հունիսի 18-ին:

Դիմելով մարզիկներին` ՀԱՕԿ նախագահը շեշտեց, որ մեծ սպասելիքներ ունի և մեդալներ է ակնկալում: «Եվրոպական խաղերը Օլիմպիական խաղեր չեն, սակայն պետական պարգևների եռապատիկն էլ ՀԱՕԿ-ը կտա»,-ասաց նա: «Արմենպրես»-ի հարցին, թե ով է լինելու Հայաստանի դրոշակակիրը Եվրոպական խաղերում, Ծառուկյանը պատասխանեց, որ դեռևս չգիտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում