Պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր

Պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձել է չեմպիոն։

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ է տոնել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։ Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին:

1/4 եզրափակչում Գևորգյանը 11։0 հաշվով առավելության էր հասել բուլղարացի Վասիլև Կարամֆիլկովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացոցիչ Ռեդջեփ Հաջարիին։

Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած ըմբիշներից Գենիկ Ասատրյանը (60 կգ) դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 1։6 հաշվով պարտվելով Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին։ 71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6։4 հաշվով հաղթելով մոլդովացի Լիլիան Բալանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում