Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» չի պատրաստվում միայն պաշտպանվել

Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» չի պատրաստվում միայն պաշտպանվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, իր թիմը դեռ հնարավորություն ունի դուրս գալու ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը շեշտել է, որ մինչ խաղը չի ուզում խաղաքարտերը բացել: «Այնպես չէ, որ խաղադաշտ մտնելով՝ առաջին րոպեից ձգտելու ենք միայն պաշտպանվել: Մենք արդեն գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և փորձելու ենք օգտագործել դրանք»,-ասել է մարզիչը:

Մինասյանի խոսքով` երկրորդ խաղում ակնկալվում է այլ սցենար, քանի որ իր թիմն առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով: «Հույս ունեմ, որ մեկնարկային մի քանի րոպեներից հետո ֆուտբոլիստների անհանգստությունը կվերանա»,-ասել է նա:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Երևանում, «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում