Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը հաջող մասնակցություն է ունեցել իսպանական երկու մրցաշարում

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը հաջող մասնակցություն է ունեցել իսպանական երկու մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ավարտվեցին Սան Մարտի և Բարբերա Դել Վալես միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցում էր գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարբերա Դել Վալես մրցաշարին մասնակցում էին 84 շախմատիստ18 երկրից, այդ թվում՝ 7 գրոսմայստեր: Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Արգենտինան ներկայացնող գրոսմայստեր Պերալտա Ֆերնանդոն:

Բարբերա Դել Վալես մրցաշարի ավարտից անմիջապես հետո հայ գրոսմայստերը խաղաց Սանտ Մարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 132 շախմատիստ 26 երկրից, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 20 միջազգային վարպետ:

Սանտ Մարտիի մրցաշարում Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, սակայն այսպիսի բարձր արդյունքը բավարար չեղավ մրցաշարի հաղթող դառնալու համար, քանի որ Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Լագարդը վաստակել էր 8 միավոր: Արդյունքում Հարությունյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում