«Յաբլոնեց»-ի դեմ հանդիպումն ինձ դուր եկավ. «Փյունիկ»-ի մարզիչ

«Յաբլոնեց»-ի դեմ հանդիպումն ինձ դուր եկավ. «Փյունիկ»-ի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը գոհ է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղի արդյունքից:

«Մարտական հանդիպում ստացվեց, և սա խոսում է այն մասին, որ երկու թիմերն էլ լավ պատրաստված էին: Մենք հասկանում էինք, որ սեփական դաշտում «Յաբլոնեց»-ը գրոհելու է և հիմնականում եզրային գծերում: Մեզ հաջողվեց չեզոքացնել նրանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասել է Տարխանովը:

Մարզչի խոսքով` թեպետ մրցավարը երկու կարմիր քարտ ցույց տվեց, սակայն հանդիպումը, ընդհանուր առմամբ, չառանձնացավ կոպտությամբ: «Ինձ դուր եկավ այս հանդիպումը, քանի որ փոխադարձ գրոհներով լի էր»,-ասել է նա:

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր չեխական «Յաբլոնեց»-ին, իսկ թիմերի երկրորդ խաղում դարպասի գրավում չի արձանագրվել:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական ակումբի մրցակիցը «Վուլվերհեմթոն»-ն է անգլիական Պրեմիեր լիգայից:

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա Երևանում օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը` Անգլիայում, օգոստոսի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում