«Վուլվերհեմփթոն»-ի դեմ խաղը մեծ փորձ էր. «Փյունիկ»-ի մարզիչ

«Վուլվերհեմփթոն»-ի դեմ խաղը մեծ փորձ էր. «Փյունիկ»-ի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի կարծիքով, Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի մրցակից անգլիական «Վուլվերհեմփթոն»-ի հետ խաղում զգացնել տվեց թիմերի կարգերի տարբերությունը:

«Մակարդակների տարբերությունն ակնհայտ էր: Առաջին կեսում մենք բավականին լավ գործեցինք, և հավասար պայքար ծավալվեց: Սակայն երկրորդ կեսում նրանք մեզ գերազանցեցին: Մենք խաղային նման փորձ չունենք, ինչպես «Վուլվերհեմփթոն»-ը` շաբաթական երեք խաղ: Մենք նախաձեռնությունը զիջեցինք մրցակցին, ինչի շնորհիվ նրանք խփեցին 4 գնդակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է «Փյունիկ»-ի մարզիչը:

Տարխանովի խոսքով` «Փյունիկ»-ին դժվար մրցակից էր բաժին ընկել: «Եվրոպայի լիգայում լավ արդյունքի ենք հասել, քանի որ հաղթահարեցինք որակավորման երկու տուրերը: Եթե այլ մրցակից ունենայինք, ապա գուցե և կարողանայինք դուրս գալ փլեյ-օֆֆ: Նմանատիպ թիմերի հետ խաղը մեծ փորձ է»,-ասել է նա:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը բաց թողեց 4 գնդակ, ինչպես առաջին խաղում: «Վուլվերհեմփթոն»-ի կազմում աչքի ընկան Պեդրու Նետուն, Մորգան Գիբս-Ուայթը, Ռուբեն Վինագրեն և Դիոգու Ժոտան: Երկու խաղերի ընդհանուր 0:8 հաշվով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում խաղալու հնարավորություն ստացավ «Վուլվերհեմփթոն»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում