Մարդիկ կան, որ ձգտում են զբաղեցնել իմ տեղը. Լևոն Ջուլֆալակյան

Մարդիկ կան, որ ձգտում են զբաղեցնել իմ տեղը. Լևոն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը այսօր հրաժարական է ներկայացրել գլխավոր մարզչի պաշտոնից:

«Հավաքականում տարաձայնություններ են տեղի ունենում: Որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ մրցումների մասնակցության վայրը ու կազմը որոշվի իրենց ցանկությամբ: Կազմակերպվում է դավադրություն», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջուլֆալակյանը:

Նրա խոսքով, եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, ապա հավաքականը կորցնում է իր ուժը:

«Նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը ես չեմ կարող: Ես եղել եմ պահանջկոտ իմ և մնացած բոլորի նկատմամբ, ձգտել եմ հասնել լավագույն արդյունքները: Հիմա, եթե կան մարզիկներ, ովքեր պատկերացնում են, որ լիարժեք տիրապետում են մարզչական գործին, ուրեմն նման պարագայում մարզչի դերը վերանում է և ես նման պարագայում չեմ կարող շարունակել իմ աշխատանքը», – նշեց նա:

«Մարդիկ կան, որ ձգտում են զբաղեցնել իմ տեղը և պատկերացնում են, որ ամեն ինչ արդեն կառուցված է, առաջիկա մեկ տարում կապահովեն արդյունքների շարունակությունը, և փորձում են օգտվել այդ հիմքից», – ասաց Ջուլֆալակյանը:

Նա ցանկություն հայտնեց, որ գլխավոր մարզչի հարցում ճիշտ ընտրություն կատարվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում