Ովքեր չեն խաղա Իտալիայի դեմ․ Մեր հավաքականի խիստ վտանգավոր օղակը․․․

Ովքեր չեն խաղա Իտալիայի դեմ․ Մեր հավաքականի խիստ վտանգավոր օղակը․․․

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1in.am: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք Իտալիայի և Բոսնիա-Հերցեգովինայի հետ հանդիպումների վերջնական հայտացուցակը: Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստների, որոնցից 13-ը ներկայացնում են հայկական թիմերը: Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս է մնացել Մարկոս Պիզելին: Խաղային պրակտիկա չունենալու պատճառով հավաքական չեն հրավիրվել առաջատար խաղացողներ՝ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը: Վերջինս կարիերան շարունակելու է Երևանի «Փյունիկում» և հուսանք որ առաջիկա հոկտեմբերին Օզբիլիսը կկարողանա օգնել մեր ազգային թիմին: Արմեն Գյուլբուդաղյանցը ըստ էության ընտրել է օպտիմալ կազմ:

Հրավիրվածների շարքում շատ են ֆուտբոլիստները, որոնց խաղը վերջին շրջանում տպավորում է: Խոսքը հատկապես վերաբերվում է Էրիկ Վարդանյանին, Կառլեն Մկրտչյանին, Կամո Հովհաննիսյանին, Տիգրան Բարսեղյանին, Արթուր Միհրանյանին: Որոշակի վերապահումով կարելի է ասել, որ խաղային օղակները բալանսավորված պատկեր ունեն: Միակ արժանի ֆուտբոլիստը, որը տեղ չի գտել Գյուլբուդաղյանցի ցուցակում «Փյունիկի» եզրային պաշտպան Արմեն Մանուչարյանն է: Կարծում ենք այս ֆուտբոլիստն արժանի էր հավաքական հրավիրվելուն: Ամեն դեպքում վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը:

Միակ լուրջ խնդիրը հավաքականում դարպասապահի հարցն է: Գյուլբուդաղյանցը նախապատրաստական հավաքին հրավիրել է միանգամից 4 դարպասապահների՝ Արամ Հայրապետյանին և Անատոլի Այվազովին՝ «Ուրարտուից», Արսեն Բեգլարյանին բելառուսական «Դնեպրից» և Արման Մելիքսեթյանին Երևանի «Նոա» ակումբից: Վերջին շրջանում մեր հիմնական դարպասապահը՝ Արամ Հայրապետյանը, խիստ անկայուն խաղ է ցուցադրում «Ուրարտուի» կազմում՝ թույլ տալով մանկական սխալներ: Բարձրագույն խմբի «Նոա»-ի հետ վերջին խաղում «Ուրարտուի» գլխավոր մարզիչը նրան թողել էր պահեստայինների շարքում՝ հիմնական կազմում ընդգրկելով Անատոլի Այվազովին: Իրավիճակն իսկապես մտահոգիչ է: Որքանո՞վ ճիշտ կլինի Հայրապետյանին վստահելը Իտալիայի պես հավաքականի դեմ խաղում: Նույն Այվազովը, որը կարծես վատ մարզավիճակում չէ ազգային թիմի կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել: Արսեն Բեգլարյանը Բելառուսի առաջնությունում պարբերաբար խաղում է «Դնեպրի» մեկնարկային կազմում: Բայց Բեգլարյանի որակներին վաղուց ենք ծանոթ և կարող ենք ասել, որ նրա խաղը ազգային հավաքականում մեղմ ասած չի գոհացրել: Ինչ վերաբերվում է Արման Մելիքսեթյանին, ապա նաև առաջին անգամ չէ որ հրավեր է ստանում ազգային հավաքականից, բայց ևս պաշտոնական հանդիպումների չի մասնակցել: Իտալիայի դեմ խաղում նրա հիմնական կազմում լինելը կարելի է բացառել: Առաջին հայացքից ամենաօպտիմալ տարբերակը Անատոլի Այվազովն է:

Ստեղծված իրավիճակում մեծ է մեր հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու դերը: Կարծում ենք բազմափորձ դարպասապահին կհաջողի ճիշտ որոշում կայացնել: Պետք է հաշվի առնենք, որ մրցաշարային առումով մեզ համար խիստ կարևոր մրցավեճում մրցակիցը աշխարհի քառակի չեմպիոնն է, որն ունի հզոր հարձակման գիծ: Դարպասապահի օղակն իսկապես վտանգավոր է մեր հավաքականի համար: Պաշտպանությունում, կիսապաշտպանությունում և հարձակման գծում Գյուլբուդաղյանցն ունի ընտրության հնարավորություն: Նույնիսկ կարող ենք ասել, որ այս ամպլուաներում կա մրցակցություն հիմնական կազմում տեղ ունենալու համար:

Օրինակ կիսապաշտպանությունում ունենք Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Էրիկ Վարդանյան, Կառլեն Մկրտչյան Ռումյան Հովսեփյան, Էդգար Բաբայան: Նշված ֆուտբոլիստները չունեն մարզավիճակի հետ կապված խնդիր և պատրաստ են օգնել ազգային թիմին:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ հավաքականի հայտացուցակը․

 

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»

Անատոլի Այվազով «Ուրարտու»

Արման Մելիքսեթյան, «Նոա»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

 

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

 

Կիսապաշտպաններ

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

 

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

Հետևեք մեզ նաև Telegram-ում