Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա» տեղափոխության և Իտալիայի հավաքականի դեմ խաղի մասին

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա» տեղափոխության և Իտալիայի հավաքականի դեմ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020 որակավորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ այսօր հանդիպեց լրագրողների հետ:

Անդրադառնալով իտալական ակումբ տեղափոխությանը՝ ֆուտբոլիստը նշեց, որ վերջին օրն է իմացել այդ մասին:

«Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին օրը՝ «Արսենալ»-«Տոտենհեմ» ֆուտբոլային հանդիպումից հետո։ Զանգ ստացա գործակալիցս և տեղեկացա, որ հաջորդ օրը պետք է մեկնեմ Հռոմ, բուժզննում անցնեմ և պայմանագիր ստորագրեմ։ Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում շատ հանդիպումների չէի մասնակցում»,- նշեց Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, ըստ նրա, որոշեց տեղափոխվել մի թիմ, որտեղ ավելի շատ վստահություն կունենա մարզչի կողմից:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը խնդրեց ավելի շատ հարցեր ուղղել Հայաստանի ազգային հավաքականի մասին:

Խոսելով Իտալիայի հավաքականի մասին՝ նշեց, որ Իտալիայի ներկայիս հավաքականը տարբերվում է նախորդ հավաքականներից, որոնց դեմ խաղացել են դեռ 2012թ-ին։

«Փոփոխությունները նախորդ խաղերի համեմատ շատ են: Փոխվել է կազմը, փոխվել է մարզիչը, փոխվել է խաղային փիլիսոփայությունը: Չեմ կարող ասել, որ ներկայիս հավաքականը նման է նախորդին։ Այս հավաքականը սիրում է գնդակով խաղալ: Եւ մենք փորձելու ենք ամեն ինչ անել խաղը վերահսկելու համար, կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ»,– ընդգծեց Հենրիխ Մխիթարյանը։

Հարցին, թե արդյոք մյուս թիմերի համեմատ Իտալիայի թիմն ավելի ուժեղ է, հավաքականի ավագն ասաց, որ Իտալիան խմբի ամենաուժեղ թիմն է: «Կփորձենք պայքարել երկրորդ տեղի համար»։

Ինչ վերաբերում է իր մարզավիճակին, Հենրիխ Մխիթարյանն ասաց, որ խաղին 100%-ով պատրաստ է. «Ֆուտբոլը խաղում են ոչ միայն ոտքերով, այլ նաև ուղեղով։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինես խաղալ ամբողջ հանդիպման ընթացքում»։

Նա նաև նշեց, որ «Արսենալ»-ում վերջին խաղերին 90 րոպե չի անցկացրել, սակայն գտնվում է լավ մարզավիճակում և հիմա լիովին պատրաստ է խաղին։

Նշենք, որ Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում