USD
EUR
RUB

Ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է չկոտրվել. Սլավիկ Գալստյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: Տարիների երկարամյա փորձ ունեցող մարզիկներին փոխարինող նոր սերունդը սկսել է իր խոսքն ասել միջազգային հարթակներում և նրանցից մեկը` հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանն է (63 կգ): Ղազախստանի մայրաքաղաք Նուր- Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունում Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Գալստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հաղթանակի, տպավորությունների և հետագա պլանների մասին:

-Սլավիկ, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել և մարզվել ըմբշամարտով:

-Սկսել եմ մարզվել 7 տարեկանից, հայրիկիս ընկերոջ տղան մարզվում էր, ինձ էլ առաջարկեցին և գնացի մարզումների: Սկզբնական շրջանում չէի ցանկանում մարզվել, բայց հետո եղբորս հետ սկսեցինք այցելել մարզումների: Հետո մարզաձևը սկսեց դուր գալ և մարզիչներն էլ ասում էին, որ ստացվում է ինձ մոտ: Այդպես սկսեցի ավելի լուրջ զբաղվել ըմբշամարտով: Ընտանիքից ոչ ոք չի զբաղվել ըմբշամարտով, եղբայրս էլ վնասվածքից հետո նույնպես չշարունակեց մարզումները:

-Աշխարհի այս առաջնությունն արդյունքի տեսանկյունից ուրիշ էր Ձեզ համար: Առանձնացրեք այն գոտեմարտը, որն առավել որոշիչ էր ըստ Ձեզ:

-Ես հասկանում էի, որ բոլոր գոտեմարտերն էլ որոշիչ են, որովհետև յուրաքանչյուր սայթաքում կարող էր ինձ դուրս մղել պայքարից, կարող էի և չանցնել մյուս փուլ: Իմ խմբում էր նաև գործող աշխարհի չեմպիոնը, որն ավելի էր բարդացնում ընթացքը: Ամեն գոտեմարտ ինձ համար շատ կարևոր է եղել:

-Ինչ կասե՞ք հայ ըմբիշների հետ գոտեմարտերի մասին, տարբերվո՞ւմ են մյուսներից:

-Ոչ, ինձ համար սովորականի պես են, քանի որ սպորտ է ու չեմ կարող առանձնացնել` ինչ երկրից է: Բնականաբար, հայ մարզիկների հետ կապի մեջ ենք, շփվում ենք, բայց երբ արդեն մրցագորգում ես լինում, պետք է միևնույն լինի, թե ով է դիմացդ կանգնած:

-Արդյո՞ք հաղթանակը պարտավորեցնում է:

-Միանշանակ, քանի որ դրանից հետո արդեն ավելի լուրջ են վերաբերվում քեզ, մտածում են, որ ավելի բարձր արդյունքներ կարող ես գրանցել:

-Ձեր քաշային կարգն օլիմպիական չէ, մտածո՞ւմ եք քաշային կարգի փոփոխության մասին:

-Դեռ ունենք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն, նույն քաշային կարգում եմ մասնակցելու, բայց մտադրություն կա փոփոխելու քաշային կարգս, մարզիչների հետ դեռ կորոշենք` ինչպես անել:

-Դուք մրցագորգ եք դուրս գալիս դիմացինի թուլությունները հիշելո՞վ, թե սեփական ուժեղ կողմերին ապավինելով:

-Ավելի շատ իմ ուժերի վրա եմ հենվում: Մտածում եմ ինչպես անել, որ ես հաղթեմ, ոչ թե դիմացինս սխալ թույլ տա, իսկ ես կարողանամ դրանից օգտվել: Ճիշտ է այդպես էլ է լինում, բայց պետք է ուժերիդ հավատաս, ոչ թե դիմացինիդ սխալի շնորհիվ հաղթանակի հասնես:

 -Ունե՞ք սիրելի հնարք, որը հաճախակի եք կիրառում:

-Այո, ոչ բոլոր դեպքերում է ստացվում, բայց շատ դժվար պահերի, օգնում է հաղթանակի հասնել: Դա ինձ մոտ ավելի լավ է ստացվում:

-Սլավիկ, Դուք ըմբշամարտի համար ոչ ստանդարտ հասակ ունեք, օգնո՞ւմ է այն Ձեզ, թե հակառակը:

-Ես արդեն սովորել եմ իմ հասակի հետ կապված բարդություններին: Ինձ օգնում է, բայց նաև խանգարում է, երբ մրցակիցներս չափից ավելի ցածրահասակ են լինում:

-Ինչո՞վ եք զբաղվում ըմբշամարտից դուրս և արդյոք այլ մասնագիտություն ունեք:

-Ըմբշամարտից դուրս չէ, ամբողջովին ինձ նվիրել եմ ըմբշամարտին: Ես մտածում եմ, որ պետք է մի գործի մեջ խորանաս, որ արդյունքի հասնես: Հիմա նաև սովորում եմ, մտածում եմ, որ ուսումը կարևոր է:

-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

-Հաջողության բանաձևը չկոտրվելն է: Ճիշտ է, ես չեմ մտածում, որ կա մի այնպիսի մարզիկ, որի մոտ միշտ ամեն ինչ ստացվում է: Պետք է կարողանաս հաղթահարել պարտությունը և շարունակել պայքարը, հակառակ դեպում չի ստացվի: Չի լինում այնպես, որ դու միշտ հաղթողի դերում լինես:

-Կա՞ մի մարզիկ, որի անցած ուղին Ձեզ համար օրինակ է:

-Կան մարզիկներ, որոնց մրցելու ոճն ինձ դուր է գալիս: Իրանից Համիդ Սուրյանն է այդ օրինակը: Նա այլևս չի գոտեմարտում: Նաև ինձ շատ դուր է գալիս Ռոման Վլասովը:

-Եթե ոչ ըմբշամարտ, ապա՞:

-Ֆուտբոլ, ավելին ասեմ, եթե այլ երկրում ապրեի, միանշանակ ֆուտբոլով էի զբաղվելու: Սիրելի թիմս կատալոնական «Բարսելոնա»-ն է: Հետևում եմ նաև Հայաստանի հավաքականի խաղերին:

-Ի՞նչ պլաններ ունեք հետագայի համար:

-Առաջիկայում ունեմ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, դրանից հետո կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը: Այդտեղ էլ մարզիչների հետ կորոշենք` որ քաշային կարգում եմ մասնակցելու: Ճիշտ է, ժամանակը քիչ է նոր քաշային կարգին հարմարվելու, և Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելու, բայց մտադրություն կա և կփորձենք:

Հարցազրույցը` Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Լրահոս
Հայաստանի Մ21 հավաքականի մեկնարկային կազմը Իտալիայի հետ խաղում Մ21. Իտալիա-Հայաստան հանդիպումը հետաձգվել է Շվեյցարիան և Դանիան դուրս են եկել Եվրո-2020 Վանաձորի թիմը` հանդբոլի Հայաստանի չեմպիոն Հովհաննես Դավթյան․ Առաջնության արդյունքներով կձևավորենք հավաքական թիմ Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով զիջեց Իտալիայի ընտրանուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աբրահամ Խաշմանյան. Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքն իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել Անտոնիո Ֆլորեսը ֆուտբոլի երիտասարդական թիմի խաղում որակական աճ է տեսնում Ֆուտբոլի կանանց Մ19 թիմը հավաք կանցկացնի Երևանում Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Բելառուսի միջազգային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ Հայաստանի ձյուդոյի առաջնության չեմպիոնները հայտնի են Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ Բրազիլացի 17-ամյա տաղանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա» Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ Հայաստան-Հունաստան խաղից հետո կան բերման ենթարկվածներ Վահանյանը և Մովսիսյանը վետերանների ԱԱ-ի առաջատարներից են Մանչինին բացառիկ արդյունք է գրանցել Իտալիայի հավաքականի հետ Լյովը Գերմանիայի հավաքականը ֆավորիտ չի համարում Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին Ռամոսը և Պիկեն կարող են մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին Եվրո-2020-ի ուղեգիր են նվաճել արդեն 10 հավաքական Վահանյանը և Մինասյանը հաղթանակ են տարել ԱԱ-ի երկրորդ տուրում Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել թիմակիցներին. Զլատանը վերադառնում է Արսեն Վենգերն այսուհետ կաշխատի ՖԻՖԱ-ում Դելֆը վնասվածքի պատճառով լքել է Անգլիայի հավաքականը Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն նորից կսկսի թռչել. Ֆոնսեկա Մեսսին դեռ պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի շախմատային մրցաշարում երրորդն է Դավիդ Վիլյան հայտարարել է կարիերան ավարտելու մասին Գաբուզյանը և Հարությունյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները Սենթ Լուիսում Հայաստան – Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները «Ալաշկերտ»-ը ձմեռային հավաքներ կանցկացնի ԱՄՆ-ում և Թուրքիայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը Դավիթ Գրիգորյանը սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում Աբրահամ Խաշմանյանն ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում հաղթել են հայ պատանիները ԱԱ. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չի եղել
website by Sargssyan