Մենք չենք լռելու. Լոռի ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբ

Մենք չենք լռելու. Լոռի ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Լոռի» ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբ հանդիսացող Green Power-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հայտնել է իր անհամաձայնությունը ՀՖՖ կարգապահական կոմիտեի վերջին նիստի արդյունքում կայացված որոշման մասին, որի համաձայն՝ վանաձորյան ակումբի առաջիկա տնային խաղը անցկացվելու է առանց երկրպագուների։

«Լոռի Ֆուտբոլային Ակումբի պաշտոնական ֆան ակումբը՝ «Green Power»-ը, հիասթափված է ՀՖՖ կարգապահական կոմիտեի վերջին նիստի արդյունքում կայացված անարդար որոշման պատճառով, ըստ որի, մեր թիմի հաջորդ տնային հանդիպմանն արգելված է հանդիսականների մուտքը։

Կարգապահական կոմիտեի տվյալ որոշումը մեզ համար, մեղմ ասած, անհասկանալի է եւ անընդունելի։

«Green Power» և, առհասարակ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տրիբունայում գտնվող երկրպագուները որեւէ մասնակցություն չեն ունեցել 12-րդ տուրի «Գանձասար-Կապանի» դեմ խաղի ընդմիջմանը տեղի ունեցած միջադեպին։

Խստորեն դատարապտում ենք նման անարդար որոշումը, որը զրկում է լոռեցիներին իրենց համար կարեւոր միջոցառմանը ներկա գտնվելուց։ Լոռի ՖԱ յուրաքանչյուր տնային հանդիպում մեծ տոն է մեզ համար, որին ամեն անգամ մոտ 1000 մարդ կարողանում է ներկա գտնվել, կտրվել առօրյա հոգսերից, անցկացնել հաճելի ժամանց, հիանալ իր քաղաքի թիմի խաղով։

Մենք բացարձակապես չենք հասկանում՝ ինչպե՞ս կարելի է զրկել ԲԽ-ում մարզը ներկայացնող երկու թիմերից մեկին իր հանդիսատեսից, որն իր մեծ ներդրումն ունի երկրպագուական մշակույթի՝ Հայաստանում զարգացմանը, այն դեպքում, երբ որեւէ խախտում մեր կողմից չի նկատվել։

Ավելին՝ մեր մեծ ջանքերի ու կատարած հսկայական աշխատանքի շնորհիվ մեր տրիբունայում մեր երկրպագուների կողմից լիովին վերացել է որեւէ վիրավորական վանկարկումների հավանականությունը։

Մենք ականատես ենք եղել այլ երկրպագուների կողմից բազմաթիվ տգեղ ու անընդունելի պահվածքի, որոնք անպատիժ են մնացել ՀՖՖ կողմից։ Սա թույլ է տալիս մեզ միտում նկատել կայացրած այս որոշման հետեւում։ Մենք չենք լռելու, անցկացնելու ենք բազմաթիվ բողոքի ակցիաներ, լսելի ենք դարձնելու մեր ձայնն ու անելու ենք ամեն ինչ արդարությանը հասնելու համար։

Կոչ ենք անում ՀՖՖ Կարգապահական կոմիտեին վերանայել սույն որոշումը, վերականգնել արդարությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում