Տոկիոյի Օլիմպիական խաղերն ու Եվրո-2020-ը կարող են հետաձվել կորոնավիրուսի պատճառով

Տոկիոյի Օլիմպիական խաղերն ու Եվրո-2020-ը կարող են հետաձվել կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԿորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերն ու ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կարող են հետաձգվել, եթե մոտ ժամանակներս իրավիճակը չփոխվի:

Այս մասին հայտնում է Politeka-ն` միջազգային մամուլին հղում կատարելով.

«Անկասկած ամեն ինչ կորոշվի առաջիկա 2 ամսվա ընթացքում, այսինքն մինչև մայիս: Դրանից հետո սկսվելու է Խաղերի նախապատրաստության վերջնական փուլը. վարձելու են անվտանգության աշխատակիցներին, լուծվելու է սննդի հարցը, ավարտվելու է օլիմպիական ավանի կառուցումը, ժամանելու են լրագրողները: Եվ եթե նախապատրաստության այս փուլին ինչ-որ բան խանգարի, ապա կմտածենք Օլիմպիական խաղերի չեղարկման մասին»,- ասել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի անդամ Ռիչարդ Պաունդը:

Այդուհանդերձ, Պաունդը հստակեցրել է, որ «դեռևս ամեն բան ընթանում է ըստ նախատեսվածի ու Խաղերը կկայանան».

«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ խաղերը կանցկացվեն առանց խնդիրների: Այնպես որ մարզիկները պետք է պատրաստվեն Օլիմպիական խաղերին: Բայց նրանք թող վստահ լինեն, որ ՄՕԿ-ը թույլ չի տա խաղերի անցկացումը` համաճարակի պայմաններում»,– ընդգծել է նա:

Նույն իրավիճակն է նաև ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի անցկացման հետ կապված: ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվեն ասում է` այժմ ամեն ինչ սպասման փուլում է.

«Մենք հետևում ենք բոլոր երկրներին: Մարզական ճանապարհը կփակվի միայն եթե իրավիճակը վատթարանա»,- ասել է Միշելը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, կորոնավիրուսը շարունակում է տարածվել Իտալիայում, Իրանում: Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարդիկ լավացել ու դուրս են գրվել հիվանդանոցներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում