Գանձասար-Կապանի տնօրենը 1 տարով որակազրկվել է, իսկ ակումբը տուգանվել 1 մլն դրամով

Գանձասար-Կապանի տնօրենը 1 տարով որակազրկվել է, իսկ ակումբը տուգանվել 1 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Մարտի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում գրանցված միջադեպը։

Հիմք ընդունելով հանդիպման պատվիրակի և մրցավարի զեկույցները՝ «ԳանձասարԿապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը՝ գտնվելով VIP օթյակում, հանդիպման ընթացքում հայհոյել է մրցավարների հասցեին։ Խաղի ընդմիջման ժամանակ մարզադաշտի թունելում հայհոյել (երկրորդ դեպք), սպառնալիքներ ու բռնության կոչեր է հնչեցրել հանդիպման մրցավարի հասցեին, փորձել է հրել հանդիպման մրցավարին և հրմշտոց սարքել: Միջադեպի չեզոքացման և կարգուկանոն հաստատելու հետևանքով հանդիպման երկրորդ խաղակեսը սկսվել է 10 րոպե ուշացումով։

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ և 30-րդ կետերի համաձայն՝ «Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը որակազրկվել է մինչև 05.03.2021թ., իսկ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 1 մլն ՀՀ դրամով։

Նշենք՝ 2019 թվականի նոյեմբերի վերջին Աղաբաբյանը 4 ամսով էր որակազրկվել։

Խաղի ժամանակահատվածում դաշտի տեր ակումբի կողմից անվտանգության աշխատակիցների ոչ պատշաճ, թերի աշխատանք կատարելու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգի 31-րդ հոդվածի 41-րդ կետի համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն էլ տուգանվել է 200 հազար ՀՀ դրամով։

Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում