Եթե կինը ցանկանում է կանացի լինել, ուրեմն կլինի․Նազիկ Ավդալյան

Եթե կինը ցանկանում է կանացի լինել, ուրեմն կլինի․Նազիկ Ավդալյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ArmSport.amԾանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը սեփական օրինակով ցույց է տալիս, որ անկախ մասնագիտությունից, տարիքից ու ընտանեկան կարգավիճակից, կինը կարող է ու պետք է մշտապես լինի կանացի, գրավիչ, կայացած, ինչպես նաև ուժեղ՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։

Կանանց միջազգային օրվա առթիվ ArmSport-ը զրուցել է նախկին մարզուհու հետ ու լսել նրա շնորհավորանքն ու մաղթանքն՝ ուղղված հայ կանանց․

«Շնորհավորում եմ մեր կանանց՝ այս գեղեցիկ տոնի առթիվ։ Մաղթում եմ նախևառաջ առողջություն, հաջողություն, միշտ ժպտան, սիրեն և սիրված լինեն։ Ամենակարևորը կցանկանամ խաղաղություն ու ներդաշնակություն մաղթել մեր կանանց»։

Նազիկ Ավդալյանը հայ կանանց խորհուրդ է տալիս ամենից առաջ հիշել, որ իրենք ևս կարևոր են․

«Հայ կանանց համար առաջնայինը միշտ էլ իրենց ընտանիքն է եղել, որն իհարկե շատ կարևոր է, բայց խորհուրդ կտամ չմոռանան, որ ընտանիքից բացի իրենք ունեն իրենք իրենց, սիրեն իրենց, գնահատեն և օրվա մեջ մի փոքր ժամանակ չխնայեն իրենց համար, թեկուզ մի քանի րոպե նվիրեն իրենց։

Կանայք պետք է զգան, որ իրենք էլ շատ կարևոր են, ու շատ կարևոր դեր են խաղում այս աշխարհում։ Ամենակարևորը իրենք են․ պետք է նախևառաջ իրենց լավ նայեն, որ կարողանան ընտանիքին էլ լավ նայել։ Պետք է գիտակցեն, որ եթե իրենք երջանիկ են, ուրեմն իրենց ընտանիքը ևս երջանիկ է»։

Նազիկ Ավդալյանը հայ այն մարզուհիներից է, ով կարծրատիպեր է կոտրել․ կռիվ է տվել բազմաթիվ կիլոգրամներ կշռող ծանրաձողերի հետ, բայց մշտապես պահպանել կանացիությունը։ Ասում է՝ ամեն ինչ ցանկությունից է կախված․

«Կարծում եմ՝ ծանր աշխատանք կատարելն ու կանացի լինելն առհասարակ կապ չունեն իրար հետ։ Կինը կարող է կնոջը վայել աշխատանք կատարել, բայց այնքան էլ կանացի չլինել։ Կարևոր է այն, թե կինն ինչ է ցանկանում։

Բնականաբար ընտրած մասնագիտությունն ու աշխատանքն իր ներդրումն ունենում են, բայց հիմնականում ամեն ինչ ցանկությունից է կախված։ Եթե կինը ցանկանում է կանացի լինել, ինչը պարտադիր է ու նախընտրելի, ուրեմն կլինի»,- ասում է Նազիկ Ավդալյանն, ով այժմ ֆիզկուլտուրա է դասավանդում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ միևնույն ժամանակ նաև սպորտային հոգեբանություն ուսանում մագիստրատուրայում․

«Ինչպե՞ս եմ հասցնում․ բնականաբար շատ դժվար է երեխայի հետ և՛ սովորել, և՛ աշխատել, և՛ իր դպրոցով զբաղվել, բայց յուրաքանչյուրն էլ անցնում է այդ ամենի միջով ու այնպես չէ, որ համատեղելն անհնար է»։

Նազիկ Ավդալյանը հետաքրքրված է նաև արվեստով․ վերջերս նա լուսանկարներ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է նկարում․

«Ինձ շատ հարազատ, լավ ընկեր, տաղանդավոր նկարիչ Տիգրան Մատուլյանի արվեստանոցում»,- գրել էր Նազիկ Ավդալյանը: Ասում է՝ միշտ է սիրել նկարել, չնայած հաճախ չի հրապարակում սեփական աշխատանքները․

«Միշտ եմ սիրել նկարել։ Նկարելն ինձ հաճույք է պարգևում, այդ իսկ պատճառով երբեմն սիրողական մակարդակում իհարկե, նկարում եմ»։

Հիշեցնենք՝ Նազիկ Ավդալյանը սպորտային կարիերան ավարտել է 2018 թվականին։

Նա ծանրամարտի Հայաստանի 6-ակի չեմպիոն է: 2009 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: 2008 և 2016 թվականների Եվրոպայի առաջնության հաղթող: Աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր: Մասնակցել է նաև Ռիոյի 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին՝ գրավելով 5-րդ տեղը։

Նարե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում