Սիմոն Մարտիրոսյան. Ոչ ցանկալի, բայց միանգամայն իրավացի որոշում էր

Սիմոն Մարտիրոսյան. Ոչ ցանկալի, բայց միանգամայն իրավացի որոշում էր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Տոկիո-2020-ը չի կայանա այս տարի: Երեկ, պաշտոնապես, հետաձգվեցին Օլիմպիական խաղերը՝ մեկ տարով: Ոմանց համար սա, միգուցե, լավ հնարավորություն է՝ նվաճելու օլիմպիական ուղեգիր և արժանվույնս պատրաստվել խաղերին: Ոմանք էլ, երկար են սպասել այդ օրվան: Երկար ենք սպասել և մենք, որպեսզի վայելեինք այն պահը, երբ Տոկիոյում, օրինակ, Սիմոն Մարտիրոսյանի կամ Արթուր Ալեքսանյանի պատվին կբարձրանար Հայաստանի դրոշն ու կհնչեր մեր պետական օրհներգը: Ցավոք, այդ պահին հասնելու համար դեռ պետք է սպասենք ևս մեկ տարի: Կսպասենք, հոգ չէ. չէ՞ որ, խաղասեղանին մարդկային կյանքն է դրված:

Armsport-ը զրուցել է Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն, առայժմ՝ օլիմպիական փոխչեմպիոն Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է ընդունվել խաղերը հետաձգելու որոշումն անձամբ մարզիկի կողմից:

«Ճիշտն ասած, ես սպասում էր, որ ՕԽ-ը չէր հետաձգվի, բայց, միգուցե, լավ եղավ նրանով, որ չենք վտանգի մեր առողջությունը, և բոլոր այն մարդկանց առողջությունը, ովքեր պետք է գնան Օլիմպիական խաղեր: Ինձ թվում է՝ լավ եղավ, բայց անձամբ ինձ համար խնդիրներ կառաջանան՝ քաշ գցելու առումով»:

Հնարավոր՝ հոգեբանական խնդիրների մասին.

«Հոգեբանական խնդիրներ չկան, որովհետև հիմա մարզվում եմ, շատ լավ մարզավիճակում եմ գտնվում: Պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Տեսնենք, թե երբ կնշանակեն անցկացման օրը, որից հետո կրկին դեպի Օլիմպիական խաղեր»:

Ռիոյի՝ Ոսկե մեդալի մասին.

«Կոնկրետ որոշում չկա, թե երբ ու ինչ պայմաններում պիտի հանձնեն ինձ մեդալը, բայց շատ սպորտսմենների հանձնել են իրենց հասանելիք մեդալը հենց Օլիմպիական խաղերի ժամանակ: Սպասենք, միգուցե, դա լինի հենց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում