ՖԻՖԱ-ն կօգնի ֆինանսական խնդիրներ ունեցող ֆեդերացիաներին և ակումբներին

ՖԻՖԱ-ն կօգնի ֆինանսական խնդիրներ ունեցող ֆեդերացիաներին և ակումբներին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ), որը կուտակել է գրեթե 3 միլիարդ դոլար իր ռեզերվներում, նախատեսում է ֆինանսական օգնություն տրամադրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆինանսական դժվարությունների բախված ակումբներին, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային ասոցիացիաներին: Հնարավոր է, որ նրանց հատկացվելու են ֆինանսական միջոցներ հատուկ ստեղծված կայունացման հիմնադրամի միջոցով:

Ըստ AP-ի և The New York Times-ի, ՖԻՖԱ-ն մտադիր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ոլորտի սուբյեկտներին: Երկու աղբյուրներն էլ, ընդգծելով դրա անհրաժեշտությունը, ներկայացնում են այն կառուցվածքների ցուցակները, որոնք բախվել են լուրջ խնդիրների: Այդպիսիք են, օրինակ, եվրոպական ֆուտբոլի գրանդներից մի քանիսը, ինչպիսին են «Բարսելոնան» և «Յուվենտուսը», որոնք ստիպված են կրճատել խաղացողների աշխատավարձերը, որոշ ազգային ֆեդերացիաներ էլ աշխատանքից ազատում են իրենց աշխատակիցներին, իսկ Սլովակիայի բազմակի չեմպիոն «Ժիլինա» ակումբն արդեն իսկ ինքն իրեն սնանկ է հայտարարել։

Ըստ ամերիկյան հրատարակության, ներկայումս մշակվում է աջակցության մեխանիզմ: Դա, հավանաբար, կիրականացվի կայունացման նոր հիմնադրամի միջոցով, որի ստեղծումը պետք է հաստատի ՖԻՖԱ-ի խորհուրդը:

Կայունացման հիմնադրամը, որն իրավասու կլինի կարճաժամկետ վարկեր և շտապ դրամաշնորհներ տրամադրել, դուրս կբերվի ֆեդերացիայի ուղղակի վերահսկողությունից:

Հիմնադրամի համալրման ծավալն, ըստ New York Times-ի, կախված կլինի ոլորտի վրա կորոնավիրուսի պանդեմիայի կարճաժամկետ և միջնաժամկետ ազդեցության գնահատումից, որն այժմ կատարվում է ՖԻՖԱ-ի փորձագետների կողմից:

Ֆեդերացիան՝ ինքը, ի պատասխան AP-ի հարցման, հաստատել է ֆուտբոլային աշխարհի տարբեր կառույցներին՝ ակումբներին, տարածաշրջանային և ազգային ասոցիացիաներին էական օգնության գաղափարի գոյությունը: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ օգնությունը տրամադրելու գործիքները կմշակվեն «մոտ ապագայում», և որ ՖԻՖԱ-ի «ֆինանսական իրավիճակը» թույլ է տալիս ձեռնարկել նման միջոցառումներ:

Այնուամենայնիվ, դժվար չէ կռահել, իմանալով ՖԻՖԱ-ի վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության թվերը, որ ՖԻՖԱ-ի ռեզերվում կուտակված գումարը կազմում է 2.745 միլիարդ դոլար:

AP-ն նշում է, որ ՖԻՖԱ-ն նախկինում աջակցել է ֆուտբոլային սուբյեկտներին «Forward» զարգացման ծրագրի միջոցով:

Նախորդ քառամյա ցիկլի ընթացքում, որն ընդգրկում է 2015 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածը, այդ ծրագրով հատկացվել է 1,079 միլիարդ դոլար, որը հիմնականում ստացել են ազգային և տարածաշրջանային ասոցիացիաները՝ ընդհանուր առմամբ 832 միլիոն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում